«Ազատություն». 19-1-2009- Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ - թուրքական հաշտեցման ջանքերը:
«Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում... Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին», - «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը:
Նրա խոսքերով` Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը «ավելի մոտ չի եղել», եւ 2009 թվականին կարող է ճեղքում լինել այդ հարցում: Բաբաջանը վկայակոչել է անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցը` նշելով, թե դրանով սկիզբ դրվեց երկու երկրների միջեւ հաշտեցման ջանքերին:
«Ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը 2009-ին սոսկ երազանք չէ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Բարաք Օբաման, ով վաղը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, քանիցս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Monday, January 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment