Երեւան (Երկիր) - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու միջազգային գազային համաժողովին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:Բացելով համաժողովը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր հրավերն ընդունելու եւ շատ արդիական ու կարեւոր խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Ըստ նրա` վերջին շրջանում գազամատակարարման հետ կապված խնդիրները շատ բարդ են, եւ մոսկովյան համաժողովը նպատակ ունի ուղիներ գտնել ներկա իրավիճակը շտկելու համար: Դ.Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծված ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնել հրատապ կերպով` վերականգնելու համար Եվրոպայի բնական գազամատակարարումը, գտնելու գազի առաքման անխափան մեխանիզմներ, ինչը հնարավոր է հավաքական ջանքերի համադրմամբ: ՌԴ նախագահի գնահատմամբ` կյանքը ցույց է տվել, որ գործող գազամատակարարման համակարգը եւ միջազգային օրենսդրական դաշտը արդյունավետ չեն, եւ անհրաժեշտ է այդ ուղղությամբ եւս նոր լուծումներ առաջադրել:Միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` դրանք բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը:ՌԴ նախագահը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազաֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ աշխարհում:Երկու երկրների նախագահները համակարծիք էին, որ բարձր մակարդակի հաճախակի շփումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նույնիսկ ամենափոքր խնդիրներին:
Monday, January 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment