«Ազատություն». 19-1-2009- Այսօր տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նախ կայցելեն Բաքու, իսկ վաղը կժամանեն Երեւան:
Սա միջնորդների այս տարվա առաջին այցն է, եւ, ինչպես ավելի վաղ ադրբեջանական գործակալություններին ասել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, կախված քննարկումներից` նրանք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերին»:
Հայաստանյան եւ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ Դավոսում` հունվարի 28-ից մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, թեեւ, Հայաստանի նախագահի մամլո խոսնակի վկայությամբ, առայժմ որեւէ պայմանավորվածություն ձեռք բերված չէ:
Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ համանախագահների այսօրվա եւ վաղվա հանդիպումներում քննարկվելու են ղարաբաղյան կարգավորման բազային սկզբունքները եւ միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկները: Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ուրբաթ օրը ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, նոր առաջարկներ միջնորդները չեն նախապատրաստել եւ հույս ունեն, որ կողմերին ի վերջո կհաջողվի համաձայնության հասնել դեռեւս չհամաձայնեցված մի քանի դրույթների շուրջ:
Համանախագահները նաեւ հուսով են, որ հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այս տարվա առաջին կիսամյակում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Monday, January 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment