Saturday, February 14, 2009

Հայաստանի նախագահը բացառել է Ղարաբաղի շուրջ ցանկացած սակարկության հնարավորությունը

HayInfo. 12-2-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառել է Ղարաբաղի շուրջ ցանկացած սակարկության հնարավորությունը: «Նրանք, ովքեր կարծում են, թե բանակցությունների ժամանակ Ղարաբաղի շուրջ սակարկություններ են լինում, չարաչար սխալվում են: Ղարաբաղը մեր հողն է, այն անգին է, և հետևաբար դրա շուրջ սակարկելն անընդունելի է»,-հինգշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նստաշրջանի ժամանակ ասաց նախագահը: Նրա խոսքերով, Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հստակ դիրքորոշում ունի: «Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի և օգտվել է իր այդ իրավունքից: Ղարաբաղը Ադրբեջանի մաս դառնալ չի կարող, դրա համար չկան ոչ իրավական և ոչ էլ պատմական հիմնավորումներ, ամենակարևորը՝ չկա ղարաբաղյան ժողովրդի ցանկությունը»,- ասաց երկրի ղեկավարը: Հայաստանի նախագահը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այն կհանգեցնի ղարաբաղյան ժողովդրի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Երկրի ղեկավարն ընդգծեց, որ ինքնորոշումը միակ ճանապարհն է, և անհրաժեշտ է պայքարել այդ իրավունքի և բանակցությունները շարունակելու համար:

No comments: