A1+. 13-2-2009- «Միակ բանը, ինչին չհաջողվեց հասնել` ղարաբաղյան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն է: Դա մեր երկրի զարգացման ամենակարեւոր խնդիրն է: Բոլոր մյուս ասպարեզներում մենք հասել ենք նախանշված նպատակներին»,-ռուսական 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա շեշտել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով:
«Առաջին փուլում պետք է ազատագրվեն ադրբեջանական գրավյալ տարածքները:
Դրանք Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջաններն են: Այնտեղ պետք է վերադարձվեն մեր փախստականները եւ ներքին տեղահանվածները: Անհրաժեշտ են այդ տարածքներում ապրող ազգաբնակչության ապահովության միջազգային երաշխիքներ: Հաջորդ փուլում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բարձր աստիճանի ինքնուրույնության խնդիրը»,- ասել է նա` ավելացնելով, որ իրեն թվում է, որ բանակցությունների այսօրվա ֆորմատը արտացոլում է այս մոտեցումները:
«Այսօր Հայաստանում նոր ղեկավար կա, եւ հույս կա, որ Երեւանն այս հարցում ավելի կառուցողական մոտեցում կորդեգրի»,-ասել է Իլհամ Ալիեւը:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանն էլ վերջին շրջանում ԼՂ հիմնախնդրի մասին խոսելիս` շեշտում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` չանդրադառնալով մյուս հարցերին:
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment