Thursday, February 12, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԳԼՈՐՎՈՒՄ Է» ՆԵՐՔԵՎ

A1+- 11-2-2009- Մինչ այսօր Կիպրոսում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի եւ Լատվիա հավաքականները, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Մեր հավաքականը նահանջել է միանգամից 9 տեղով եւ այժմ ընթանում է 121-րդ հորիզոնականում: Այսօր առավել քան անհրաժեշտ է հաղթել Լատվիային: Վերջին ամսիների ընթացքում Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջ է ապրում: Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստները աշխարհի 100 լավագույն հավաքականների շարքում էին, ապա 1 տարվա ընթացքում պատկերը զգալիորեն փոխվել է: Հայաստանից առաջ են անցել մի շարք ոչ ֆուտբոլային երկրներ: Մասնավորապես Լյուքսեմբուրգի հավաքականը արդեն 120-րդն է: Մինչդեռ գաճաճ այս պետության հավաքականը Եվրոպայի ամենաթույլ 5 հավաքականների շարքին է դասվում: Վարկանիշային աղյուսակի հաջորդ հրապարակման ժամանակ առաջընթաց ունենալու համար Հայաստանի հավաքականին այսօր անհրաժեշտ է հաղթել Լատվիայի հավաքականին, որը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ չկան: Իսպանիան շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում: Եվրոպայի չեմպիոն հաջորդում են Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, Բրազիլիան: Ռուսաստանը գտնվում է 9-րդ տեղում, իսկ Թուրքիայի հավաքականը եզրափակում է լավագույն տասնյակը: 2010թ. աշխարհի առաջնությունում Հայաստանի մրցակիցներից Բելգիան առաջադիմել է 1 տեղով եւ զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը, իսկ Բոսնիան 59-րդն է: Էստոնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցելու է մարտին, նահանջել է 4 տեղով եւ 122-րդն է: Հարեւան Վրաստանի հավաքականը պահպանել է 108-րդ տեղը, իսկ Ադրբեջանը, նահանջելով 2 հորիզոնականով, այժմ 136-րդն է:

No comments: