Sunday, February 15, 2009

ԻՆՉՆ Է ՀԱՄՈԶԵԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Lragir. 13-2-2009- Աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ բավարարության եւ արժանապատվության զգացումով ընդունում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան լինելու առաջարկը: Մինչ այդ, նույն Շառլ Ազնավուրը, ինչպես լրատվական գործակալություններն էին տեղեկացրել, իսպանական “Էլ պաիս” թերթին հարցազրույց էր տվել ու ասել, թե ինքը մեծ գոհունակությամբ եւ երջանկությամբ է ընդունել դեսպան լինելու առաջարկը, սական այն մերժել է, քանի որ ինքն ազատ մարդ է, իսկ եթե Հայաստանի կառավարության ինչ որ որոշում իր դուրը չգա, ապա ինքը լինելով դեսպան, ստիպված կատարելու է այդ որոշումը, մինչդեռ իր ազատությունն այդպիսով թողնելու ցանկություն ինքը չունի:Բայց ահա դրանից երկու օր անց Շառլ Ազնավուրը մեկ այլ հարցազրույց է տալիս, որտեղ հայտարարում է, որ բավականությամբ եւ ուրախությամբ, արժանապատվության խոր զգացումով ընդունում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան լինելու առաջարկը: Թե ինչն է մեծանուն երգչի մտադրությունների այդօրինակ փոփոխության պատճառը, ասելը դժվար է: Գուցե Շառլ Ազնավուրին համոզել են, որ Շվեյցարիայում նրա դեսպան լինելը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այդ իսկ պատճառով նա որոշել է զոհել իր ազատությունը հանուն Հայաստանի: Հավանական է նաեւ, որ Հայաստանի իշխանությունը մեծանուն երգչին հիշեցրել է, որ բոլորովին վերջերս մեկ միլիոն դոլար է հատկացրել Երեւանում երգչի տուն թանգարանի շինարարությունն ավարտին հասցնելու համար, ու ակնարկել, որ դրա դիմաց պետք է ինչ որ ձեւով փոխհատուցել իշխանությանը: Բոլոր դեպքերում, այդօրինակ արագ եւ կտրուկ մտքափոխանակությունը տալիս է բավական ուշագրավ մտորումների տեղիք: Սակայն ամենից ուշագրավը թերեւս այն է, թե ինչու է Հայաստանի իշխանությունն այդպես շահագրգռված, որ Ազնավուրը լինի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Ի վերջո, իհարկե լավ է, որ Հայաստանի դեսպանը լինի աշխարհահռչակ մի մարդ: Սակայն խնդիրն այն է, որ Շվեյցարիան թերեւս այն պետությունը չէ, որի հետ Հայաստանն ունի քաղաքական սերտ առնչություններ, որը կարող է Հայաստանի համար լինել աշխարհաքաղաքական զարգացումների կարեւոր գործընկեր: Շվեյցարիայի նշանակությունը Հայաստանի համար թերեւս կարող է լինել զուտ տնտեսական, ավելի կոնկրետ ֆինանսական, այն առումով, որ կա շվեյցարական հայտնի բանկային համակարգը, ուր պահվող փողը ամենից ապահովներից ու անվտանգներից մեկն է, եթե իհարկե շվեյցարական իշխանությունը չորոշի այդ փողերի համար հարուցել լուրջ խնդիրներ:

No comments: