
/PanARMENIAN.Net/ 09.03.2009 - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում ընդգծում են, որ հակամարտող կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները պետք է հասարակություններին պատրաստեն խաղաղության: Նրանք նույնպես միշտ ընդգծել են վստահության ամրապնդման նախաձեռնություններում հանրության ակտիվ մասնակցության կարեւորությունը: Հիանալի է, որ համանախագահներն իրենք են կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության համար: Դա մի քայլ է, որը պետք է ողջունել եւ գնահատել,»- PanARMENIAN.Net-ին հայտնել է Եվրասիայի գծով International Alert ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքով, այլ հակամարտություններում հաջողված խաղաղ գործընթացների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ խաղաղության ստեղծման գործընթացներում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ համարձակ քայլեր ձեռնարկելու հիմնական ջանքերը քաղաքական առաջնորդների եւ ՀԿ ուսերին են: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են միայն ապահովել այդ գործընթացը: Ես հուսով եմ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միջնորդների հանդիպումները կվերածվեն կառուցողական փոխգործակցության: Ես նաեւ տարածաշրջանի քաղաքական առաջնորդներին մաղթում եմ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել ՀԿ հետ համագործակցության համար»»- ընդգծել է Ռուսանովան:
Փետրվարի 27- մարտի 2 տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
No comments:
Post a Comment