
/PanARMENIAN.Net/ 09.03.2009 - Գտնվելով տարածաշրջանում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես շեշտում էին, որ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով: Նշում էին, որ իրենք բանակացային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության կողմնակից են, բայց այժմ այդ հարցը պետք է լուծեն իրենք` նախագահները: Այդ մասին ասվում է ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանի` PanARMENIAN.Net ուղարկված «Միջնորդության էվոլյուցիան կամ ղարաբաղյան կարգավորման հերթական կերպարանափոխությունները» հոդվածում: Բաբայանի կարծիքով, այդ մոտեցման էությունը կայանում է նրանում, որ բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցելու կամ չմասնակցելու հարցը չի մտնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների արտոնությունների մեջ: «Այն արձանագրված է ԵԱՀԿ հիմնավոր փաստաթղթերում, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Միանգամայն պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. Մինսկի խմբի համանախագահներն իրենք փաստացիորեն խախտում են Մինսկի խմբի հիմնավոր սկզբունքները: Բացի այդ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է լուծեն Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցը, ապա այս ենթատեքստում անհասկանալի է դառնում, առհասարակ, Մինսկի խմբի առաքելությունը: Եթե նրա դերը կայանում է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մեջ, ապա նույն հաջողությամբ դա կարող է անել եւ մեկ այլ կազմակերպություն, երկիր կամ նույնիսկ անձ»,- ընդգծել է քաղաքագետը:
Մեկ այլ հայտարարություն, նրա խոսքով, վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայությանը: «Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում հայտնել է, որ «երբ մենք խոսում ենք բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին, ապա նկատի ունենք ոչ միայն ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին, այլեւ նախկինում այնտեղ բնակված ադրբեջանցիներին»... «Երկու համայնքներն էլ պետք է մասնակցեն այդ բանակցություններին, քանի որ խոսքը գնում է ապագայում Լեռնային Ղարաբաղում նրանց համատեղ բնակության պայմանների մասին»,- ամփոփել է Ֆասիեն: Լավագույն դեպքում Ադրբեջանը փորձում է դրա միջոցով վերստեղծել նախքան 1988թ. տիրող իրադրությունը, բայց արդեն նոր պայմաններում եւ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Վատագույն դեպքում Ադրբեջանը դրա միջոցով ստանում է լիարժեք ձեւաչափի վերականգնումն արգելակելու հնարավորություն, քանի որ ո'չ ԼՂՀ, ո'չ Հայաստանը չեն համաձայնի հակամարտությունը միջհամայնքային երկխոսության վերափոխելուն»,- ասել է Բաբայանը:
Բայց քաղաքագետը նշել է, որ պետք է միշտ հիշել, որ նման բարդ հակամարտություններում, ինչպիսին ղարաբաղյանն է, ընտրական եւ միակողմանի մոտեցումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ միայն երկարաձգում է նրա լուծումը: «Եւ հետո, չնայած բոլոր այդ կերպարանափոխություններին, հակամարտության լուծումը կախված է առաջին հերթին հակամարտության կողմերից, անկախ այն բանից, թե նրանք կճանաչեն միմյանց , թե` ոչ»,- նկատել է նա:
No comments:
Post a Comment