Saturday, April 25, 2009

«Թուրքիան պիտի ընդունի իր մեղքը». ասում է ցեղասպանությունը տեսածի դուստրը

Tert.am. 24-4-2009- Կրպոյանների մեծ և հարուստ ընտանիքը Կիլիկիայում ապրող բազմահազար հայ ընտանիքներից է եղել, որի խաղաղ ու ստեղծարար կյանքն ընդհատվել է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատճառով։ Կիլիկիայից տեղահանված, գլխատված, սպանված Կրպոյանների ընտանիքից միայն մի քանիսն են մազապուրծ եղել ու փախնելով սեփական հողից, ինչպես բազմահազարներն այդ տարիներին, սփռվել են աշխարհում։ Կրպոյանների ընտանիքի անդամ Կրպոյան Լուսին այսօր ապրում է Երևանում՝ ապշեցուցիչ ու շատ հուզիչ պատահատականությամբ հենց Կիլիկիա թաղամասում։ Տիկին Լուսին 1928 թ–ի ծնունդ է, հիմա տարեց կին է, բայց ապրում է մորից ստացած տեղեկություններով, թե ինչպես է Օսմանյան Թուրքիան բնաջնջել հայերին։ Կրպոյանների ընտանիքին Հայոց ցեղասպանությունն «այցելել է» տկն. Լուսիի հորեղբոր գլխատման լուրով։ «Թուրքերը կանչել են, ասել են, թե գործ են տալիս ու գլուխը կտրել են։ Պապն իմանում է, գնում է հետաքրքրվելու, թե ինչ է եղել, նրա գլուխն էլ են կտրում։ Այդպես լուրը տարածվում է, որ թուրքերը հայերին սպանում են։ Մեծ մաման տնից վերցնում է վերմակ, ծայրին դրամ կպցնում, ու տալիս մորս»,- ահավոր իրադարձությունների լուրը լսելիս Կրպոյանների արձագանքի մասին հիշում է տկն. Լուսին։ Ասում է՝ 9 հորեղբայր ու երկու հորաքույր է ունեցել, որոնցից բոլորին գաղթի ճանապարհին սպանել են, մնացել են միայն հայրն ու մի հորեղբայրը։ Ջարդերից մի կերպ փրկված Կրպոյանների մեծ ընտանիքի մի փոքր մասը՝ այսինքն Լուսիի ընտանիքը, հանգրվանում է Հալեպում, որտեղ հայրը մահանում է, իսկ մորն էլ կրկին ամուսնացնում են։ Լուսիին մոր հետ Հայաստան է գալիս 1947 թ. օգոստոսի 24-ին։ Տկն. Լուսին Մեծ եղեռնի տարիներից հետո է ծնվել, բայց մեծացել ու ապրում է այդ ահավոր դեպքերի մասին հիշողություններով։ «Ամեն տարի, աղջիկ ջան, գնացել եմ Ծիծեռնակաբերդ, ընդեղ էլ եմ միշտ խոսել, ինձ միշտ նկարել են։ Հիմա ուղղակի էլ չեմ կարողանում գնալ, ոտքերս թույլ են, հիվանդ եմ»,- Tert.am-ի հետ զրույցում պատմում է Հայոց ցեղասպանությունը տեսած ընտանիքի դուստրը։ «Թուրքիան պետք է ճանաչի, նա անպայման պիտի ընդունի իր մեղքը։ Թուրքիայում պետք է հասկանան, թե իրենք ինչ են արել»,- ասում է նա ու հավատում, որ Թուրքիան մի օր ճանաչելու է հայերի ցեղասպանությունը ու մի օր հարևան երկրները հաշտվելու են։ «Հավատում եմ, որ կհաշտվեն ու լավ կլինի։ Այդ ադրբեջանցիներն ավելի ստոր դասակարգ են, քան թուրքերը։ Գիտես, թուրքերի մեջ և լավերը կան, և վատերը։ Ասում եմ լավերը կան, որովհետ հայերին օգնել են, պաշտպանել (հավանաբար նկատի ունի ցեղասպանության օրերին հայերին օգնելու դեպքերը–հեղ.)»,- շարունակելով ասում է տկն. Լուսին։ Վերջում մտաբերում է «Ագօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին ու ավելացնում, թե նրա ասածները հայերի ու թուրքերի հաշտեցման մասին, ճիշտ էին։

No comments: