Ազգային անվտանգության խորհրդի հորդորներով են պայմանավորվում այցելություններն ու Հայաստանի սահմանին առնչվող հավաստիացումները
«ԱԶԳ», 28-05-2009 - Մայիսի 13-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Բաքու, որ վերացնի Ադրբեջանի Հայաստան-Թուրքիա երկխոսությունից բխող դժգոհությունը: Ակնհայտ է, որ առանց դժգոհության վերացման անհնար կլիներ հաղթահարել Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների սառնությունը: Այդ դեպքում արդեն Բաքուն կշարունակեր հետագա մերձեցումը Մոսկվային, իսկ Թուրքիան Կովկասում իր դիրքերի հետ կկորցներ նաեւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու բոլոր հնարավորությունները:
Թեեւ այցի ավարտին Էրդողանը հաղթահարված համարեց եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր տարաձայնությունները, թե «մեկ ազգի, երկու պետության» միջեւ դրանք տեղ չունեն, իսկ թուրքական մամուլը ելակետ ընդունելով տարաձայնությունների հաղթահարման հայտարարությունը, նրա այցելությունը որակեց իբրեւ պատմական, սակայն մայիսի 26-ին Ադրբեջանի դժգոհությունը վերացնելու այդ նույն առաջադրանքով Բաքու ուղեւորվեց նաեւ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա մոտավորապես կրկնեց այնտեղ Էրդողանի` Հայաստանի հետ սահմանի բացմանն առնչվող հավաստիացումները:
Թուրքիայի վարչապետի այցելությունից 13 օր հետո արտգործնախարարի գործուղումը Բաքու ցույց է տալիս, որ Էրդողանի հավաստիացումները, թեՙ քանի դեռ Հայաստանը չի ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները, Լեռնային Ղարաբաղը ներառյալ, Թուրքիայի հայկական սահմանը չի բացվելու, վստահություն չեն ներշնչել Իլհամի վարչակազմին:
Դա միանգամայն տրամաբանական է, որովհետեւ թուրք-ադրբեջանական տարաձայնությունները Հայաստան-Թուրքիա երկխոսության շրջանակներով չեն սահմանափակվում:
Պարզապես կողմերն անխնա շահարկում են Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման Թուրքիայի, այսպես կոչված, պատրաստակամությունը, մեր հանրապետությունը դարձնում են քավության նոխազ Ադրբեջանի դժգոհության համար, որ քողարկվեն տարաձայնությունների բուն պատճառներն ու միջազգայնորեն արդարացվեն Անկարայում եւ Բաքվում հավասարապես դրսեւորվող ձանձրացուցիչ կամակորությունները:
Մայիսի 14-ի համարում «Ազգը» անդրադարձել էր Թուրքիա-Ադրբեջան տարաձայնություններին, համարելով անհավանական կարճաժամկետ հեռանկարում դրանց հաղթահարումը: Թուրքական հանրային հեռուստատեսությունն էլ մայիսի 26-ին կայքէջում անդրադառնում է արտգործնախարար Դավութօղլուի Ադրբեջան այցելությանը, մատնացույց անելով նրա հավաստիացումներն ու ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը հասցեագրած կոչերը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն ընդգծել է Ադրբեջանի անկախության, բարեկեցության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը Թուրքիայի համար, ասելով. «Ադրբեջանի հզորացումը համազոր է Թուրքիայի հզորացմանը: Թող ադրբեջանցի եղբայրներն իմանան, որ Թուրքիան անցյալում եղել է Ադրբեջանի կողքին, կլինի նաեւ ապագայում: Տարածաշրջանի բոլոր դերակատարներին, հատկապես Հայաստանին ուղղված մեր ուղերձը շատ պարզ եւ հստակ է: Ժամանակն է, որ տարածաշրջանը ձերբազատվի օկուպացիայից ու լարվածությունից: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ սառեցված հակամարտությունները նման են արձակված ռումբի եւ հագեցված տարածաշրջանային լարվածությունը սրելու ռիսկով»:
Հայաստանին դիմելիս, Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել օկուպացիան շարունակելու, լարվածությունը սրելու եւ հակամարտությունը սառեցված պահելու փոխարեն նպաստել դրա կարգավորմանը, ապա եւ ավելացրել է. «Իհարկե, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմք են ընդունում ադրբեջանական տարածքների ազատումը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ՄԱԿ-ի որոշումները: Բոլորը ջանքեր պետք է գործադրեն այդ ուղղությամբ»:
Այնուհետեւ Դավութօղլուն ղարաբաղյան սառեցված հակամարտությունը կարգավորելու համար ջանքեր գործադրելու կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային հանրությանը: Նա նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում նախատեսվող առաջիկա հանդիպումն, ասել է. «Նախքան այդ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային ողջ հանրությունը պետք է մոբիլիզացնի կարողությունները հանուն մնայուն եւ արդարացի կարգավորման»:
Մամեդյարովն այցի համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին եւ ընդգծել է, որ դա իրենց համար կարեւոր նշանակություն ունի: Թեեւ դեռեւս վաղ է Հայաստան-Թուրքիա երկխոսության ձախողման հետեւության հանգելու համար, բայց եւ այնպես թուրքական մամուլը սկսել է երկխոսության սառեցման հետեւություններ անել, ինչպես մայիսի 23-ին արել էր «Աքշամը» եւ սառեցումը պայմանավորել վարչապետ Էրդողանի Ադրբեջան այցելությամբ:
Ըստ երեւույթին, մայիսի 13-ին Բաքվին Էրդողանի տված «առանց Ադրբեջանի տարածքների օկուպացիայի վերացման Թուրքիան հայկական սահմանը չի բացելու» երաշխիքն էլ պետք է պայմանավորվի Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի նիստի հորդորներով: Այդ նիստում բարձրաստիճան զինվորականները վարչապետ Էրդողանին զգուշացրել են. «Ցանկանում ենք, որ Թուրքիա-Հայաստան գործընթացում առաջընթաց արձանագրվի: Սակայն չենք կարող հանդուրժել Ադրբեջանի կորուստը: Մեր միջեւ կարող են տարաձայնություններ լինել: Անկախ դրանց բնույթից Թուրքիան Ադրբեջանից հրաժարվելու խնդիր չունի»:
Քանի որ Թուրքիայի արտգործնախարարի այցը լրացնում է վարչապետի այցին, ուստի դա հավաստիացումներով հանդերձ նույնպես պետք է համարվի Ազգային անվտանգության խորհրդի հորդորների արձագանքը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment