Wednesday, May 27, 2009

Ջոլին դեռ չի դիմել մեզ

«Առավոտ» 27-5-2009- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ամենեւին էլ դեմ չէ, որ հոլիվուդյան դերասանների ընտանիքը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հայ երեխա որդեգրեն: Նշենք, որ օրերս ամերիկյան Examiner.com կայքէջը տեղեկություն էր տարածել, համաձայն որի Ջոլին մտադիր է երեխա որդեգրել Հայաստանից: Հոլիվուդյան աստղերի ծանոթներից մեկը լրատվամիջոցներին ասել է նաեւ, որ նրանք Հայաստանն են ընտրել, քանի որ այստեղ որդեգրման հետ կապված բյուրոկրատական քաշքշուկներ չեն լինում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ մեզ մոտ բյուրոկրատական քաշքշուկներ չեն լինում. «Մեզ մոտ ամեն ինչ հստակ է, զույգերը երեխա են ընտրում, հանձնում են իրենց փաստաթղթերը, մեր հանձնաժողովն էլ մեկամսյա ժամկետում ուսումնասիրություններ է կատարում եւ տալիս դրական կամ բացասական պատասխան: Եթե ինչ-որ բան կասկածի տեղիք է տալիս, այդ ժամանակահատվածում մենք ուսումնասիրություններով պարզում ենք, եթե այլազգի է որդեգրողը, մեզ օգնում են նաեւ դեսպանությունները: Օտարազգիներին անպայման պետք է տրվի նաեւ կառավարության նիստի եւ երկրի նախագահի դրական պատասխանը, այսինքն՝ մինչեւ դատարանում որդեգրման իրավունք ստանալը, օտարազգիները պետք է ունենան այդ համաձայնությունները: Գործընթացն ընդհանուր առմամբ տեւում է 3 ամիս: Միակ խնդիրը՝ երեխայի ընտրության հարցն է, մեր մանկատների երեխաների ընդամենը 10%-ն է ենթակա որդեգրման, նրանցից շատերի ծնողները թույլտվություն չեն տվել, որպեսզի իրենց երեխային որդեգրեն»: Ըստ տիկին Հայրապետյանի, հոլիվուդյան զույգն առայժմ որդեգրման հարցով իրենց չի դիմել եւ հանրապետական հանձնաժողովում նման հարց չի քննարկվել: Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին երեխաներ սկսել է որդեգրել 2002-ից եւ այժմ ունի 3 որդեգրած երեխա՝ Կամբոջայից, Վիետնամից եւ Եթովպիայից: Բացի այդ, զույգն ունի նաեւ երեք սեփական երեխա: Ա. Խ.

No comments: