Wednesday, May 6, 2009

ՌԴ Առաջին տիկինը ժամանեց Հայաստան

Tert.am. 5-5-2009- Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով այսօր Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան:«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ նախագահի տիկնոջը դիմավորել է տիկին Ռիտա Սարգսյանը:Այնուհետև Հայաստանի և Ռուսաստանի Առաջին տիկնայք ուղևորվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց հյուրընկալել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:Ռիտա Սարգսյանը և Սվետլանա Մեդվեդևան այցելել են նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղիկներ դրել 1915թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ՌԴ նախագահի տիկինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Երեկոյան Ս. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկնայք ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերային: Այն տեղի է ունենում Ռիտա Սարգսյանի և Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո: Բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

No comments: