Wednesday, May 6, 2009

ԱՊՐԻԼՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Մեծ Եղեռնի ոգեկոչման Շահինշահրի հանձնախումբն, այս տարի, կազմակերպել էր չորսօրյա միջոցառումներ. Չորեքշաբթի, ապրիլի 22 «Սրբոց Վարդանանց» դպրոցի եւ «Նարեկ» մանկապարտեզի աշակերտության նկարչության ցուցահանդեսի բացման ծրագիրը տեղի ունեցավ ապրիլի 22-ին: Նույն օրը, երեկոյան, Հանձնախումբը կազմակերպել էր պատանեկան ճատրակի մրցություն, որին մասնակցում էին 12 հոգի: Այդ օրը տեղի ունեցավ նաեւ գիտելիքների մրցություն դպրոցական աշակերտների համար: Գովելի էր, որ աշակերտները իրենց աշխույժ մասնակցությունն էին բերել մրցությանը, որի հաղթողները արժանացան մրցանակների: Հինգշաբթի, ապրիլի 23 Ապրիլյան Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղի ունեցավ ծաղկեմատույց, մոմավառություն եւ հոգեհանգստյան արարողություն: Ծրագրին մասնակցողները՝ Շահինշահրի հայ համայնքի վարչությունը, Մեծ Եղեռնի ոգեկոչման հանձնախումբը, «Սրբոց Վարդանանց» դպրոցի եւ «Նարեկ» մանկապարտեզ-նախակրթարանի ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդները եւ աշակերտությունը, Փերիո կրթասիրաց միության Շահինշահրի մասնաճյուղը, Հայ Եկեղեցասիրաց կանանց միությունը, Երիտասարդական խորհուրդն ու ներկա բազմությունը, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեր մեկ ու կես միլիոն նահատակներին: Ծրագրի ավարտական խոսքն ասաց համայնքի հոգեւոր հովիվ Տ. Մեսրոպ քհն. Գալստանյանը: Նա նշելով, որ Ապրիլի 24-ը այլեւս մեզ համար սգի, ողբի եւ լացի օր չէ, այլ հիշելու եւ հիշեցնելու, որ այն պայքարի եւ պահանջատիրության օր է, ասաց. «Հիշելու մեր նահատակներին եւ հիշեցնելու աշխարհին, որ մենք չենք մոռացել անցյալը, մենք պահանջատեր ենք եւ շարունակելու ենք մեր պայքարը ի խնդիր մեր անժամանցելի իրավունքների վերատիրացման»: Նույն օրը Հանձնախմբի նախաձեռնությամբ ցուցադրվեց Եղեռնին կապված պարսկերեն եւ հայերեն փաստագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում էին Հրանտ Դինքին կապված հուշեր եւ Շահինշահրի անցյալ տարիների ապրիլյան ձեռնարկներից պատկերներ: Ուրբաթ, ապրիլի 24 Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո տեղի ունեցավ բողոքի քայլարշավ: Քայլարշավին իր մասնակցությունն էր բերել համայնքի մոտ 70 տոկոսը, աչքառու էր հատկապես երիտասարդության մասնակցությունը, որոնք ստանձնել էին նաեւ կարգապահությունը: Շաբաթ ապրիլի 25 Ապրիլի 25-ի երեկոյան տեղի ունեցավ հուշերեկո` նվիրված Ապրիլյան Եղեռնի նահատակների հիշատակին, որ բաղկացած էր երկու բաժնից` բանախոսություն եւ գեղարվեստական: Հանձնախմբի կողմից ծրագիրը բացված հայտարարեց տկն. Վ. Պողոսյանը: Ապա բեմ բարձրացավ օրվա բանախոս, Կանադայից հրավիրված, ազգային հասարակական գործիչ` պրն. Հակոբ Տեր-Խաչատրյանը: Բանախոսն իր խրոխտ ելույթում նշեց, որ «Արդեն անցել են դառնագին ողբալու, լաց ու կոծի ժամանակները, այժմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով, մինչեւ մեր արդար պահանջին հասնելը, մինչեւ հաղթանակ»: Բանախոսը, ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջեւ ստորագրված համատեղ հայտարարությունը համարեց ան-ընդունելի եւ դատապարտելի: Նա ավելացրեց, որ «Հայ ժողովրդի մեծագույն ողբերգության տարելիցի նախօրեին ու Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում արցախյան հիմնախնդրի դեմ եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմանների այս օրերում նման փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու Հայ ժողովրդի շահերին»: Ծրագրի երկրորդ մասում ելույթ ունեցան տիկիններ Սոնիկ Չահարմահալին, Լիդուշ Քամարզարյանը, Լիդա Մկրտչյանն ու Այլին Քեշիշյանը եւ պարոնայք Արգին Չհարմահալին, Գեղարդ Թահմազյանը, Նարբեյ Քամարզարյանը եւ Մաժան Իսայանը: Փակման բաժնում հայրական իր խոսքն ասաց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը: Սրբազան Հայրը դրվատելով երիտասարդության մասնակցությունը նման ձեռնարկներում, նշեց, որ «Ժամանակն է նորոգելու մեր ուխտը Ապրիլյան նահատակների հետ եւ պայքարել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան կերտելու համար»: Թղթակից` Էդնա Խաչիկյան

No comments: