Saturday, May 9, 2009

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH) Մարդու իրավունքների կենտրոն (HRIDC) Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (CSI) Lragir 8-5-2009- Փարիզ – Թբիլիսի – Երեւան, 7 մայիսի, 2009. 2009թ. ապրիլի 7–ին Ախալցխայի շրջանի դատարանը դատապարտեց Վրաստանի հարավում գտնվող հայաբնակ Ջավախքի շրջանի բնակիչ, քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանին 10 տարվա ազատազրկման։ Դատարանը մեղավոր է ճանաչել Վահագն Չախալյանին զենքի ու ռազմամթերքի ձեռք բերման եւ պահելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու, հասարակական կարգը խանգարող գործողությունների կազմակերպման, ոստիկանության կամ իշխանության այլ ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու եւ խուլիգանության համար։ Դատարանը տուգանք է նշանակել Վահագն Չախալյանի հոր՝ Ռուբեն Չախալյանի եւ նրա կրթսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի նկատմամբ համապատասխանաբար 3000 ԱՄՆ դոլլարի եւ 1200 ԱՄՆ դոլլարի չափով։ 2009թ. ապրիլի 16–ին Թբիլիսիի 8–րդ բանտում, որտեղ պահվում է Վ. Չախալյանը, նրան դաժան ծեծի են ենթարկել։ Չախալյանի ձերբակալումից ի վեր նրա նկատմամբ դատական գործընթացն իրականացվել է մի շարք խախտումներով։ Վ. Չախալյանին մեղադրել էին հրազենի ապօրինի ձեռքբերման մեջ։ Անտեսելով նրա փաստաբանի պահանջները, նրա տանը իբր հայտնաբերված զենքից չեն վերցվել մատնահետքեր։ Հասարակական կարգը խախտելու վերաբերյալ Չախալյանի դեմ մեղադրանքն ավելի ուշ է ավելացվել եւ վերաբերում է 2006թ. Ախալքալաքում ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Վահագն Չախալյանի դատավարությունը սկսվել է 2008թ. նոյեմբերի 6–ին եւ դատական նիստերը շարունակաբար հետաձգվել են։ Բոլոր դատական գործընթացները տեղի են ունեցել Ախալցխայի շրջանի դատարանում, թեպետ Վ. Չախալյանի, նրա եղբոր եւ հոր ձերբակալության համար իբրեւ պատճառ հանդիսացած իրադարձությունները տեղի էին ունեցել Ախալքալաքում, որտեղ նրանք բնակվում են։ Անհայտ պատճառներով Վրաստանի Արդարադատության նախարարը մերժել է իր ընտրությամբ փաստաբան ունենալու Չախալյանի պահանջը։ Վրաստանի Օմբուդսմենը, համարելով, որ այդ որոշումը խախտում է պաշտպանության իրավունքը, պաշտոնապես պահանջել է, որ նախարարը թույլ տա Չախալյանին ներգրավել իր ընտրությամբ պաշտպանի։ Սակայն այդ պահանջը արդյունք չի տվել։ Ըստ Չախալյանի հարազատների եւ փաստաբանի, դատավարության ընթացքում տրամադրված թարգմանությունը լիարժեք չէր եւ վատ որակի էր։ Դատավարության արձանագրություններն այդ պատճառով ամենայն հավանականությամբ խեղաթյուրվել են։ Մեր կազմակերպությունները համարում են, որ Վահագն Չախալյանի նկատմամբ դատական գործընթացն իրականացվել է արդար դատաքննության իրավունքին առնչվող ազգային, տարածաշրջանային եւ միջազգային չափանիշների մի շարք կոպիտ խախտումներով։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Մարդու իրավունքների կենտրոնը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպությունները մտադիր են հետեւել Վ. Չախալյանի վերաքննիչ դատավարության ընթացքին եւ կոչ են անում Վրաստանի իշխանություններին ապահովել մարդու իրավունքների միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ստանձնած Վրաստանի պարտավորություններին համապատասխան լիարժեք եւ անկախ դատավարություն։

No comments: