Thursday, May 28, 2009

Էրդողանը դավաճան է, նմանները ստորագրել են Սևերի պայմանագիրը, հայտարարում է ընդդիմություն

Tert.am. 27-5-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցյալում երկրում իրականացված էթնիկ զտումների մասին հայտարարությունը քննադատության բուռն ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձել են Էրդողանի հայտարարությանը, որը, ըստ իրենց, խեղաթյուրում է երկրի պատմությունը։ Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, մասնավորապես, նշել է, որ «վարչապետի մտածելակերպը պարզ է»։ «Դա դավաճանի սովորական օրինակ է, ով հարցականի տակ է դնում Լոզանի պայմանագիրը, ով ստորագրել է Սևրի պայմանագիրը, ով ցավում է Անկախության համար մղված պայքարի հաջողության համար և ով անիծում է մեր երկրի պատմությունը»,- նշել է Դևլեթ Բահչելին։ Թուրքիայի մեկ այլ՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը խորհրդարանական հանդիպման ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը. «Ի՞նչ է նա ցանկանում ձեռք բերել՝ մեղադրելով Թուրքիային։ Մենք, իհարկե, կքննարկենք, թե ինչ սխալներ ենք գործել, բայց վարչապետի պարտականությունն է հարգել Թուրքիայի իրավունքները»։ Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում խոսել է 1955թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում գրանցված դեպքերի մասին, երբ կատաղած ամբոխն այրել էր հունական խանութներ և տներ։ Սա տեղի էր ունեցել կեղծ լուրերի շրջանառությունից հետո, թե իբր Սալոնիկիում այրել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տունը։ Իրականացված ջարդերից հետո բազմաթիվ հույներ, ովքեր ծնվել և ապրել էին Ստամբուլում, ստիպված էին լքել քաղաքը։ Հիշեցնենք նաև, որ Էրդողանը «ֆաշիստական գործողություն» էր որակել էթնիկ փոքրամասնությունների տեղահանումները։ Քննադատելով վարչապետի խոսքերը՝ Դևլեթ Բահչելին նշել է, որ Էրդողանի ելույթը որպես «սև էջ» կարձանագրվի վերջինիս քաղաքական կարիերայում։ «Եթե նա ցանկանում է փորփրել անցյալը, ապա պետք է սկսի հարևան երկրներից և իմպերիալիստական ուժերից»,- եզրափակել է իր խոսքը Բահչելին։

No comments: