«Առավոտ» 27-5-2009- «Ես ժամանել եմ Ադրբեջան որպես իմ հայրենիք»,- ադրբեջանցի գործընկերոջ հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Թուրքիայի ուղերձն է Հայաստանին. մենք պետք է կարգավորենք տարածաշրջանի հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն»,- երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է tert.am-ը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է. «Ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել մեր ադրբեջանցի եղբայրներին, որ ղարաբաղյան խնդիրն ու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման հարցը շատ կարեւոր են Թուրքիայի համար, եւ թող որեւէ մեկը սրանում չկասկածի»:
«Տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունները ական են, որ կարող են պայթել ամեն վայրկյան»,- նշել է Դավութօղլուն ու հիշեցրել անցած տարի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բռնկված կարճատեւ պատերազմը: «Եկել է այդ վտանգավոր ականներից ձերբազատվելու ժամանակը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարն ու հորդորել գերտերություններին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ ակտիվացնել ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ: «Թուրքիան եւս աշխատանք է տանում հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կշարունակի այդ գործունեությունը: Պաշտոնական Անկարայի համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում եւ միջազգային իրավունքի հիման վրա. մենք հենց այդ դիրքորոշումն ենք պաշտպանում բանակցությունների ժամանակ եւ կշարունակենք այս հարցում աջակցել Ադրբեջանին»,- հայտարարել է Դավութօղլուն:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment