
Tert.am. 5-5-2009- «Տարածաշրջանում պատրաստվում են լուրջ գեոքաղաքական փոփոխություններ», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, սակայն, ըստ վերջինիս, Հայաստանի դերն այդ փոփոխություններում շատ փոքր է։
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը «դառնում է ոչ թե բանակցությունների ու հանդիպումների սուբյեկտ, այլ օբյեկտ»։
Մելիք-Շահնազարյանն ուշադրություն է դարձել կատարված իրադարձությունների հերթականությանը. ապրիլի սկզբին Ալիևը հրաժարվում է այցելել Ստամբուլ «Քաղաքակրթությունների դաշինք» գագաթաժողովի շրջանակներում, իսկ այնուհետև Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի համար գազի սակագնի փոփոխության մասին, որին հաջորդում է «Ճանապարհային քարտեզի» աղմկահարույց հայտարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Այս ամենը, ըստ քաղաքագետի, կունենա իր շարունակությունը Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Բաքու և Մոսկվա կատարելիք այցերի տեսքով։ Ըստ վերջինիս, իրադարձությունների այդ ընթացքը պատահական չէ։
«Իմ խորը համոզմունքով՝ այսօր մենք չենք որոշում հանդիպումները, հայտարարությունները և օրակարգը»,- հայտարարել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։ Ըստ քաղաքագետի՝ ամեն ինչ էլ առավել վատ է, քանի որ մեզ հրավիրում են և տեղյակ պահում այս կամ այն հայտարարության կամ հանդիպման մասին։ Մասնավորապես, քաղաքագետն անդրադարձել է «Ճանապարհային քարտեզին», որը, ըստ վերջինիս, գոյություն չունի։
«Այն չէր կարող լինել։ Նման լուրջ փաստաթղթեր չեն պատրաստում 2-3 օրում։ Դա անհնար է»,- հայտարարել է քաղաքագետը՝ նշելով, որ այս փաստաթուղթը հարկավոր է Թուրքիային՝ Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու համար, ինչպես նաև այն անհրաժեշտ էր մինչև ապրիլի 24-ը։ Քաղաքագետը նաև հայտարարել է, որ անհնար է Հայաստանի համար նման փաստաթուղթ ստորագրելու ամենաանհաջող օր ընտրել։
No comments:
Post a Comment