Wednesday, May 6, 2009

Էլմար Մամեդյարով. «Ամեն ինչ պարզ կլինի Պրահայում»

«Ազատություն- 5-5-2009- Միացյալ Նահանգներում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է եվրասիական հարցերով փոխպետքարտուղար Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Ադրբեջանական APA գործակալությանը Մամեդյարովն ասել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված մայիսի 8-ին Պրահայում անցկացվելիք «Հարավային միջանցք» ծրագրին նվիրված գագաթնաժողովի հետ: Քննարկվել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականությունը:Մեկնաբանելով մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին կարծիքները, Էլմար Մամեդյարովն ասել է. - «Այդ մասին խոսելը հիմա դժվար է: Առաջին հերթին, կարեւոր է, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի Հայաստանը բանակցություններում: Մենք պետք է իմանանք` արդյո՞ք նրանք իրականում ցանկանում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի ու առաջընթաց բանակցություններում, թե՞ ոչ: Այդ ամենը պարզ կլինի Պրահայում: Հարցը ամբողջովին կհստականա համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելությունից հետո»:Մամեդյարովն ասել է, թե նոր ուսումնասիրություններ են արել` կապված այն բանի հետ, որ տարածաշրջանի վերջին փոփոխությունների էպիկենտրում հայտնվել է Թուրքիան, եւ դրանց արդյունքում փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ երեքշաբթի նախատեսված հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է:

No comments: