Saturday, May 30, 2009

ԹՈՒՐՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՍՏԱՀԱԿԻՑ

Երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի հայերին եւ հրեաներին «ԱԶԳ», 29-05-2009- Անցյալ տարվա վերջին Իսրայելն սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնել Գազայի հատվածում: Ավելի քան մեկ ամիս տեւած այդ գործողությունների ընթացքում իսրայելական զինված ուժերը հիմնահատակ ավերեցին Գազան, բնակչությունը կանգնեց հումանիտար աղետի առջեւ, կատարվեցին անխնա սպանություններ, որոնց գլխավոր զոհը դարձան խաղաղ բնակիչները, հատկապես կանայք եւ երեխաները: Իսրայելական զինված ուժերի դաժանությունները վրդովմունքի բուռն ալիք բարձրացրին ողջ աշխարհում: Տարբեր երկրներում, այդ թվումՙ նաեւ արեւմտյան, կազմակերպվեցին հակաիսրայելական ցույցեր: Հատկանշական է, որ Գազայում իսրայելական բանակի գործողությունները դատապարտեցին հենց Իսրայելի հրեաները: Այդ ցույցերը հատկապես հուժկու էին մահմեդական երկրներում, մասնավորապես Թուրքիայում, որին մեծապես նպաստում էին վարչապետ Էրդողանի գլխավորությամբ երկրի ղեկավարության Գազայում իսրայելական բանակի վայրագությունները մերկացնող հայտարարությունները: Թուրք ցուցարարների մեջ, ինչ խոսք, կային անկեղծ հավատացյալներ, իսլամականներ, ինչպես նաեւ մահմեդականի քողի տակ իսլամը քաղաքական կամ անձնական նպատակին ծառայեցնելու համար Իսրայելի հարձակումն իբրեւ պատեհ առիթ օգտագործող շրջանակներ: Այդ շրջանակների թերեւս ամենակարկառուն դեմքը Էսքիշեհրի «Օսմանգազի» մշակութային միությունների ֆեդերացիայի գլխավոր նախագահ Նիյազի Չափանն է: Ի՞նչ առումով, այն, որ նա հունվարի 7-ին իր սեփական արհեստանոցների կենտրոնում կազմակերպած մամուլի ասուլիսով Գազայում իրականացված ռազմական գործողությունների համար նախ դատապարտել էր Իսրայելին, ապա կարգադրել կենտրոնի մուտքին եւ ցուցափեղկերին կպցնել. «Արգելվում է մուտքը հայերի եւ հրեաների համար, իսկ շներիՙ ազատ է» մակագրությամբ ցուցապաստառներ: Մամուլում խնդրո առարկա ասուլիսի հրապարակումից եւ ցուցապաստառների լուսանկարների տպագրումից հետո փաստաբան Էրեն Քեսքինի անձնական նախաձառնությամբ դատական հայց էր ներկայացվել Չափանի դեմ, որի տակ ստորագրել էին եւս հարյուր մտավորականներ: Էսքիշեհրի դատարանը մեղավոր էր ճանաչել Չափանին եւ թուրքական քր. օր.-ի 216-րդ հոդվածովՙ «բնակչության որոշ հատվածին ազգային պատկանելության, կրոնի եւ դավանանքի համար հրապարակավ նսեմացնելու» մեղադրանքով դատապարտել էր 5 ամսվա ազատազրկման: Ազատազրկման այս վճիռը, սակայն, ինչպես մայիսի 27-ին գրել է «Ռադիկալը», այնուհետեւ վերանայվել է դատարանում, դրա փոխարեն սահմանվել է 3 հազար լիրա տուգանք եւ Չափանն ազատ է արձակվել: Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան դատարանի արարքն է, որքան Չափանի զբաղեցրած պաշտոնը, դրան անհարիրՙ լկտիությունը: Եթե մի երկրում «Մուտքը հայերի եւ հրեաների համար արգելված է, իսկ շներիՙ ազատ» մակագրությամբ պաստառները փակցնում են ոչ թե փողոցային խուլիգանները, այլ մշակութային ֆեդերացիաների նախագահները, ապա այդ երկրի մշակութային գործիչն իջնում է փողոցային խուլիգանի մակարդակի եւ խուլիգանությունը դառնում է նրա մշակութային գործունեության առանձնահատկությունը: Երկրորդՙ չհաշված հրեա արմատական շրջանակներին, Գազայի դեմ իսրայելական բանակի ռազմական գործողություններն ամենեւին չեն ոգեւորել Իսրայելի ժողովրդին, ավելինՙ ժողովրդական հոծ զանգվածները կառավարությունից պահանջել են անհապաղ դադարեցնել դրանք: Ինչ վերաբերում է Թուրքիայի հրեաներին, ապա նրանք այդ օրերին չէին էլ կարող ողջունել իսրայելական բանակի գործողությունները, քանի որ Գազայի վրա հարձակման համար Իսրայելին դատապարտելու նպատակով երկրով մեկ կազմակերպված ցույցերի հակահրեական ուղղվածությունն ահաբեկել էր նրանց, եւ նրանք վերհիշելով անցյալի փորձությունները, ինչպես ասենքՙ 1955-ի սեպտեմբերի 5-6-ի ջարդը, կաթվածահար էին եղել: Թեեւ Թուրքիայի հրեաները որեւէ առնչություն չեն ունեցել Գազայի հատվածում իրականացվող գործողությունների հետ, բայց եւ այնպես Իսրայելը նրանց հայրենիքն է, այսինքնՙ գոնե Իսրայելի հետ էթնիկ կապ ունեն: Իսկ հայե՞րը, այս հարցի պատասխանն, ըստ երեւույթին, պետք է որոնել թուրքական իրականության մեջ առկա անզուսպ հայատյացության մեջ: Ինչպես երեւում է, թուրքական ժողովրդական զանգվածների ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը թուրք մարդու ենթագիտակցության մեջ արմատավորել է հային եթե ոչ մշտապես սպանելու, ապա գոնե շարունակաբար ահաբեկելու մոլուցքը: Լինի դա շարքային ստահակ, թե ի պաշտոնե մշակութային գործունեություն ծավալելու կոչված «մտավորական», ինչպիսին է ստահակից թերեւս սոսկ մտավորականի պատմուճանով եւ իր զբաղեցրած «Օսմանգազի» մշակութային միությունների ֆեդերացիայի գլխավոր նախագահի պաշտոնով տարբերվող Նիյազի Չափանը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: