Tuesday, May 5, 2009

Պատգամավորը գտնում է, որ պետք է հակադարձել թուրքերին և ադրբեջանցիներին

Tert.am. 4-5-2009- ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է հակադարձի թուրքերի և ադրբեջանցիների կողմից դրսևորվող տեղեկատվական պատերազմին։ Փոստանջյանը, որ ապրիլի վերջին երեք օրերին մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, այսօր ասել է, թե ԵԽԽՎ նիստերի ժամանակ ցանկացած թեմայի շուրջ զեկույցի շրջանակներում թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները առիթ են գտնում նշելու, թե Հայաստանը «օկուպացրել է» իրենց երկրի 20 տոկոսը։ «Մեր պատվիրակները պետք է պարտադիր հակադարձեն, ու մենք էլ պետք է մեր քարոզչությունն իրականացնենք այդ կառույցում։ Ադրբեջանն իրեն հռչակել է 1918 թ. ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ, որի տարածքներում ոչ ԼՂՀ–ն է եղել, ոչ Նախիջևանը»,- նշել է Ազգային ժողովի պատգամավորը։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանն այդ դաշտում հսկայական անելիք ունի և արտաքին հարաբերությունների ճակատում պետք է շատ կարևորի թե Լեռնային Ղարաբաղի, թե հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հնչող հարցերը, քանի որ դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ «Այդ միջազգային կառույցներում մենք պետք է լուրջ աշխատանք կատարենք»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորն ու հավելել, որ, ի տարբերություն հայկական փոքրաթիվ պատվիրակության, ադրբեջանական և թուրքական պատվիրակություններն ավելի մեծ կազմ ու մեծ հնարավորություններ ունեն։

No comments: