Monday, June 15, 2009

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. ԶԼՄ

Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երկուշաբթի Բաքվի «Տրենդ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլին: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրի միջև սահմանը փակ է 1993թ.-ից: Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: «Հայաստանի հետ երկխոսությունում մենք տեսնում ենք, որ նա նույնպես Կովկասում խաղաղություն և զարգացում է կամենում»,- ասել է Դավութօղլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Միաժամանակ նա նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման համար կարևոր է և պետք է նաև առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում»։ «Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ես նաև կցանկանայի նշել, որ Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով։ Նրանք նաև ազդեցություն են ունենում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչը ճիշտ չէ»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ «մեր հարաբերությունները Հայաստանի հետ չպետք է անդրադառնան ԱՄՆ-ի հետ ունեցած մեր կապերի վրա»։ Դիվանագետը չի համաձայնել այն կարծիքին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցից հետո ընթացիկ տարվա մայիսին «ճանապարհային քարտեզի» ուղղությամբ բանակցություններն այլևս արդիական չեն։ «Ոչ, դա այդպես չէ: Մենք Հայաստանի հետ բանակցություններում բավականաչափ վճռական ենք: Մենք՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և անգամ Ռուսաստանն ու Վրաստանը, համատեղ ապագա ունենք: Մենք բոլորս նույն տարածաշրջանում ենք, և միշտ այդպես է լինելու: Այդ պատճառով մենք պետք է կառուցողական լինենք և որքան հնարավոր է՝ հեռու մնանք մեր բանակցություններին խանգարող գործընթացներից ու գործողություններից»,- ասել է նա: Դավութօղլին ասել է նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահության շրջանակներում Թուրքիան կողմ է հանդես գալիս խորհրդի նիստերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմատիկայի քննարկմանը։ «Այս ամսվա ընթացքում Անվտանգության խորհրդի օրակարգում կքննարկվեն տարբեր հարցեր, և Թուրքիան միջազգային հետաքրքրություն և արդիականություն ներկայացնող հարցերի, դրանց թվում՝ ղարաբաղյան թեմատիկայի քննարկման կողմնակիցն է»,- ասաց նա՝ նշելով, որ «մենք (Թուրքիան) կցանկանայինք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն արդյունավետ լինեն»։ «Մենք նույնպես աշխատում ենք այս հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վաշինգտոն կատարած իմ այցի ընթացքում ես քննարկել եմ այդ թեման ԱՄՆ ղեկավարների հետ, և մենք եկել ենք այն եզրակացությանը, որ մեր համատեղ խնդիրն է ամեն կերպ նպաստել հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

No comments: