«Լրագիր» 4-9-2012- Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երեւանը մտադիր չէ դուրս գալ ԼՂ հակամարտության բանակցությունից: Հայտարարությունը հնչել է ի պատասխան “սաֆարովյան” պատմության համատեքստում հնչած այն փորձագիտական գնահատականների ու կարծիքների, որ Հայաստանը պետք է դուրս գա ԼՂ բանակցային գործընթացից, եթե Ադրբեջանը ներում է եւ ազատում Հայաստանի քաղաքացուն կացնահարած մարդասպանին: Սաֆարովի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո, որ նա վերադարձել է Ադրբեջան, Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անդամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագետների հետ, որտեղ Սաֆարովի պատմության վերաբերյալ հայտարարեց. «Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու»: Ի՞նչ պիտի անի Հայաստանը, որպեսզի պարզ լինի, որ Սաֆարովի վերաբերյալ կայացված որոշումները չեն ներվելու եւ հանդուրժվելու: Լոլի՞կ էր պետք նետել Հունգարիայի հյուպատոսություն համարվող դռան ուղղությամբ, պետք էր այրե՞լ Հունգարիայի դրոշը, պետք էր հայտարարել, թե Ադրբեջանը բացահայտեց իր դե՞մքը, պետք էր խզել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությո՞ւնը, թե պետք էր Գորիկ Գուրգենիչին “հատուկ հանձնարարություն” տալ ցուցադրաբար, ինչ որ բան արած լինելու տպավորություն թողնելու համար: Այդ ամենը թատրոն է դառնում, երբ Հայաստանի արտգործնախարարը Երեւանում, Սաֆարովի ազատ արձակումից չորս օր անց հայտարարում է, որ պաշտոնական Երեւանը մտադիր չէ դուրս գալ բանակցությունից: Դրանից մեկ օր առաջ Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր Մինսկի խմբի համանախագահների հետ: Ի՞նչ են շշնջացել նրանք Նալբանդյանի ականջին: Կամ, նրանցից ո՞վ է շշնջացել: Իսկ գուցե շշնջացել է ուրիշ մե՞կը եւ ուրիշ տե՞ղ: Համենայն դեպս, այդ ամենը չհանդուրժող Սերժ Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանի շուրթերով փաստորեն հայտարարում է, որ չնայած ԱՅԴ ԱՄԵՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ, բայց մտադիր է շարունակել բանակցությունը Հայաստանի քաղաքացուն սպանող Ադրբեջանի հետ: Բա էլ ի՞նչն է, որ չի հանդուրժելու Սերժ Սարգսյանը կամ հայ ժողովուրդն ըստ Սերժ Սարգսյանի, կամ էլ ինչպե՞ս է, որ չի հանդուրժելու ԱՅԴ ամենը: Վախեցրե՞լ են պաշտոնական Երեւանին, թե ինքն է իրենից վախեցել, վախեցել իր հայտարարություններից: Չէ որ անգամ դուրս չգալով բանակցությունից, այդուհանդերձ կարելի էր առնվազն չհայտարարել դրանից դուրս չգալու մտադրության մասին, կամ գոնե հայտարարել, որ Երեւանը կարող է քննարկել բանակցությունը շարունակելու, կամ բանակցությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու նպատակահարմարությունը: Բայց Հայաստանի իշխանությունը, որ սաֆարովյան պատմության գոնե պոստֆակտում ռեժիմում այդքան համարձակ ու հստակ էր փորձում արձագանքել, հանկարծ միանգամից հետընթացն է միացնում, շեշտելով, որ ինքը լավ ու պարտաճանաչ բանակցող է, իսկ վատ բանակցողն Ադրբեջանն է: Հասկանալի է, որ Ադրբեջանն է: Բայց հենց դրա համար էլ ասվում է, որ վատ բանակցողի հետ պետք չէ բանակցել, որովհետեւ եթե Ադրբեջանը լավ բանակցող լիներ, այդ հարցը ինքնըստինքյան կվերանար: Ըստ երեւույթին, Հայաստանի իշխանությանը վախեցրել է այն, որ Սաֆարովի դեպքից հետո հաճախ սկսեց խոսվել պատերազմի մասին, ԱՄՆ, Ֆրանսիան, Եվրամիությունն ու Ռուսաստանը խոսեցին, որ տարածաշրջանի կայունությունն է վտանգված: Բայց, այդ դեպքում ինչպես հասկանալ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի անկախության տոնի առիթով, որտեղ նա նշում էր, թե հայկական կողմը պատերազմ չի ուզում, բայց եթե պարտադրեն, ապա չի վախենա ու կկռվի, տոնելով հերթական հաղթանակը: Ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է ստացվում՝ Սերժ Սարգսյանը խրոխտ հայտարարություններ է անում, գրեթե աննախադեպ համարձակ ու ինքնավստահ, հետո Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ ամեն ինչ մնում է ինչպես եղել է: Սա ոչ այնքան պետության վերաբերմունք է հիշեցնում, կամ պետության դիրքորոշում եւ քաղաքականություն, որքան ընդամենը քաղաքական կոնյունկտուրայից բխող մորթապաշտություն, երբ լուծվում է ընդամենը իշխանության, ոչ թե պետության հարց՝ հայտարարություններ ներքին սպառման, եւ արտաքին էֆեկտի համար: Ներքին սպառումն ապահովում է Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա պետք է նախագահի թեկնածու լինի, իսկ արտաքին էֆեկտն ապահովում է Էդվարդ Նալբանդյանը, որովհետեւ նա կարող է արտգործնախարար չլինել: Այդպիսի մարտավարությունների դեպքում է, որ մեկ էլ հանկարծ դադարում են լինել պետությունները, կամ լինել դե յուրե, բայց չլինել դե ֆակտո՝ կորցնելով ինքնիշխանությունն ու ամբողջությամբ կախված լինելով արտաքին քաղաքական կոնյուկտուրայից: Մինչդեռ խրոխտ հայտարարությունների, իսկ հետո հետընթացի արանքում, շատ ավելի նախընտրելի կլիներ պետական հանգիստ քաղաքականությունը, առանց ամպագոռգոռ կամ ցուցադրական ելույթների, բայց միեւնույն ժամանակ առանց մորթապաշտ վախերի՝ սթափ ու ռացիոնալ հաշվարկներով, գնահատականներով, որոնց ելակետային մոտեցումը կլինի ոչ թե այն, թե ստեղծված իրավիճակում մեզանից ինչ են ուզում այս կամ այն քաղաքական կենտրոնները, աշխարհաքաղաքական մայրաքաղաքները, այլ այն, թե ընդհանրապես այս կյանքից, մեզանից ու այդ մայրաքաղաքներից ինչ ենք ուզում մենք, մեզ ինչ պետություն ենք պատկերացնում մենք: Այդ դեպքում գուցե մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունը խթաներ իսկապես հագեցած, բովանդակային հասարակական-քաղաքական քննարկում ստեղծված ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ, այդ ամենը դնելով Հայաստանի որպես պետություն իմունային համակարգի հիմքում եւ դրա վրա կառուցելով պետական քաղաքականությունն առաջիկա զարգացումներին ընդառաջ: Դա կենթադրեր առնվազն հայտարարությունների մակարդակով կասկածի տակ դնել Ադրբեջանի հետ բանակցության ձեւաչափը, բովանդակությունը, հետագա նպատակահարմարությունը, առնվազն քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը կամ Հայաստանի հետ միավորման կամ վերամիավորման հարցը, միեւնույն ժամանակ Հայաստանի ներքին համակարգային բարեփոխումների խնդիրը որպես պետական անվտանգության առաջնային խնդիր դիտարկել արտաքին քաղաքական գործիքակազմի համատեքստում: Իսկ այդ ամենի տակ որոշիչ ձայնի իրավունք վերապահել հասարակությանը, դրանով ընդլայնելով Հայաստանի պետական ճկունությունը արտաքին քաղաքական բարդ իրավիճակում: Միայն դա կարող է լինել Հայաստանի համարժեք արձագանքն առկա իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին, ներառյալ դրանցում առկա վտանգներն ու մարտահրավերները, եւ միայն այդ պարագայում Հայաստանը որպես պետություն կարող էր տվյալ պարագայում շատ ավելի գործնական իմիջով ներկայանալ միջազգային հանրությանը, քան Ադրբեջանը: Որքան էլ որ այժմ աշխարհում դատապարտում են Ադրբեջանի քայլը, միեւնույն է, նստվածք թողնելու է այն, թե ինչքանով ես դու կարողանում հարցեր լուծել քեզ համար, քանի որ քայլերը, գործիքները, միջոցները խոշոր հաշվով մոռացվում են վաղ թե ուշ, ու մնում են միայն լուծումներն ու դրանց արդյունքը; ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment