Saturday, December 5, 2009

ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ՍԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ու հասարակական փորձագետների խորհրդի նիստը: Նիստում քննարկվել են բանակցային ընթացիկ փուլի, Ադրբեջանի իշխանության ծայրահեղական հայտարարությունների եւ ադրբեջանական մամուլում ռեւանշիստական տրամադրությունների հարցերը: Նշվել է, որ պաշտոնական Բաքվի նման պահվածքը կարող է դիտվել թե որպես շանտաժ Երեւանին եւ միջնորդներին, թե ներքին խնդիրները լուծելու ավանդական մեթոդ: Բաքուն չի կարողանում թաքցնել քաղաքական դիսկոմֆորտը, որ առաջացել է հայ-թուրքական հարաբերության կարգավորումից, եւ Ադրբեջանի մամուլի ռազմական աղմուկը յուրատեսակ հիստերիա է իրավիճակին, որը շատերն այդ հանրապետությունում գնահատում են որպես փակուղային ադրբեջանական դիվանագիտության համար: Միեւնույն ժամանակ, նիստի մասնակիցները վստահություն են հայտնել, որ ղարաբաղյան հասարակությունը չպետք է իրողությունները դիտարկի, ելնելով միայն վերոհիշյալ ենթադրություններից: Ադրբեջանի հետ համատեղ կյանքի պատմական փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ են այս հարեւանի սպառնալիքները մնում միայն սպառնալիք: ԼՂՀ հասարակությունը պետք է առավելագույնս համախմբված լինի, միաժամանակ օգտագործի բոլոր մատչելի հնարավորություններն ու գործիքները՝ կանխելու համար ագրեսիան, որը երբեք չի լուծի հարցը, այլ միայն ավելի կխորացնի դրա լուծումը, չխոսելով արդեն ծավալներով ու ողբերգականորեն անկանխատեսելի հետեւանքների մասին: Այս կապակցությամբ, նիստի մասնակիցները նաեւ տարակուսանք են հայտնել միջազգային պաշտոնական եւ ոչ պաշտոնական կառույցների արձագանքի կապակցությամբ, մասնավորապես՝ Մինսկի խմբի: Փորձագետների կարծիքով, Ադրբեջանի իշխանության ռազմական սպառնալիքն արդեն իսկ հնարավոր լինելով ապակայունացնում են իրավիճակը եւ խախտում գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածություններն ու փաստաթղթերը, որոնք ստորագրվել են միջնորդ երկրների բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը նշանակում է նաեւ նրանց պատասխանատվությունը տեղի ունեցողի համար: Նշվել է, որ մինչեւ միջազգային հանրությունը օբյեկտիվ գնահատական չտա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառներին ու զարգացմանը, Ադրբեջանի կողմից հակամարտության էսկալացիան սպառնալու է ողջ կովկասյան տարածաշրջանին: Նիստին քննարկվել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ քաղաքացիական երկխոսության հեռանկարների հարցերը, որի կապակցությամբ նշվել է Ադրբեջանի հասարակական խաղաղարար շարժման լռության անթույլատրելիությունը: Նրանց կողմից ադրբեջանական իշխանության հայտարարություններին արձագանքի բացակայությունը կարելի է ընդունել որպես համաձայնություն ռազմական սցենարին, ինչը չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների միջեւ: Ելույթներում նշվել է, որ եվրոպական կառույցները, որոնք ծրագրում են աշխատել հասարակությունների հետ, պետք է իրենց ազդեցությունը գործադրեն՝ բացառելու քաղաքական ֆոնի ցանկացած ծայրահեղականացում, ինչը կարող է խափանել ցանկացած խաղաղ նախաձեռնություն: Քննարկելով կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները՝ Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ Աթենքում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, նիստի մասնակիցներն առանձնացրել են հետեւյալը: Աթենքում ընդունված հայտարարությունը վկայում է համաշխարհային հանրության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի հանդեպ եւ ցանկությունը՝ հասնել հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցմանը: Սակայն մեծ կասկածներ կան կարգավորման գործընթացում ճեղքում լինելու վերաբերյալ՝ երկխոսությունը շարունակվում է ոչ լիարժեք ձեւաչափով, կարգավորման բազային սկզբունքներն իրատեսական չեն, իսկ միջազգային միջնորդների ըն դունած կարգավորման մեթոդոլոգիան չի կարող լուրջ առաջընթաց ապահովել: Մադրիդյան սկզբունքների անընդունելիության եւ անիրատեսականության մասին բազմիցս է խոսվել: Այդ պատճառով էլ պետք է վերանայել կարգավորման սկզբունքները, բանակցային ներկայիս ձեւաչափը, ինչպես նաեւ խնդրի լուծմանը միջնորդների մոտեցումները: Ոչ ոք չի կարող մեզ ստիպել դուրս գալ ազատագրված տարածքներից՝ խախտելով սեփական սահմանադրությունը: Այդ պատճառով ԵԱՀԿ միջնորդները պետք է ուրիշ լուծումներ փնտրեն, օրինակ, նոր միտումներ կիրառել միջազգային քաղաքականությունում, որի ականատեսը դարձանք անցյալ տարի: Խոսքը Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի սկզբունքների մասին է: Նիստի մասնակիցները կոչ են արել Հայաստանի Հանրապետության իշխանություններին հասնել կարգավորման մադրիդյան սկզբունքների, բանակցությունների ներկայիս ֆորմատի, ինչպես նաև հարցի լուծման վերաբերյալ միջնորդների մոտեցումների վերանայմանը: Մասնավորապես առաջարկվել է նաև, որ ԼՂՀ-ն վերականգնի հակամարտող կողմի իր կարգավիճակը, որն ի դեպ նշված է նաև ԵԱՀԿ և ՄԱԿ մյուս որոշումներում և փաստաթղթերում: Ըստ դրանց՝ երկու հայկական պետությունները պետք է բաշխեն իրենց դերերը և լիազորությունները բանակցային գործընթացում: Այն հիմնական հարցերը, որոնք կվերաբերեն ԼՂՀ իշխանությունների իրավասությունների ոլորտին, ՀՀ իշխանությունները չպետք է քննարկեն ոչ միջնորդների, ոչ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում Ղարաբաղը իր տեղը կստանա բանակցային սեղանի շուրջ: Այդ դեպքում օգտագործելով ԼՂՀ և ՀՀ ներքին ռեսուրսը, կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի վերականգնմանը: Եթե Ադրբեջանը նոր զինված ագրեսիա սկսի ԼՂՀ դեմ, ոչ ոք չի կարող երաշխավորել ինչպես պատերազմի ընթացքը, այնպես էլ դրա արդյունքները: Բաքուն չի կարող հույս դնել կարճատև հաղթական պատերազմի վրա: Հաշվի առնելով կողմերի կուտակած ռազմական ներուժը, ուժերի քանակը և միջոցները, կարելի է պնդել, որ նոր պատերազմը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Այդ պատճառով միջազգային միջնորդների և տարածաշրջանում շահագրգռված ուժերի համար առավել կարևոր է կոնֆլիկտի լուծման փոխադարձ ընդունելի սկզբունքների որոնմանը զուգահեռ նոր պատերազմի բռնկումը կանխելու միջոցառումների իրականացումը:

No comments: