Lragir 19-6-2009- Երեւում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները խղճի խայթ զգաց Հայաստանին “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի ծրագրի 70 միլիոն դոլարից զրկելու համար, եւ դրանից հետո Պետդեպը որոշեց Հայաստանին մի քիչ գովել թրաֆիկինգի դեմ պայքարի հարցում առաջընթացի համար, իսկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեն էլ որոշեց Հայաստանին տրամադրել 48 միլիոն դոլարի, իսկ Ղարաբաղին էլ աննախադեպ` 10 միլիոն դոլարի օգնություն: Շատ շուտով ասպարեզում կհայտնվի անկասկած մի հմուտ եւ խորաթափանց քաղաքագետ, որը կասի, թե Հայաստանի իշխանությունը կարողացավ այնպիսի ճկուն դիվանագիտություն վարել, որ ամերիկացիները հասկացան “Հազարամյակի” հարցում իրենց սխալը եւ անմիջապես փորձեցին ուղղել այն, սիրաշահելով Հայաստանի իշխանությանը: Կատարվածն էլ կներկայացվի որպես Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակ: Եվ թերեւս որեւէ մեկը չի փորձի իրապես խորամուխ լինել երեւույթի մեջ եւ փորձել հասկանալ, թե ինչու են ամերիկացիները մի դեպքում պատժում Հայաստանին ժողովրդավարության ուղղությամբ բավարար քայլեր չանելու համար, իսկ մյուս դեպքում՝ խրախուսում խոսքով եւ փողով: Այդ քաղաքականությունն ընդունված է անվանել մտրակի եւ բլիթի քաղաքականություն: Բայց դա թերեւս հարցի միայն արտաքին, մակերեսային կողմն է: “Մտրակ եւ բլիթ” արտահայտությունը թերեւս դարձել է որոշակի կարծրատիպ, որը հնչում է եւ կարծես թե ինքին ավելորդ է դարձնում հետագա բացատրությունների անհրաժեշտությունը: Մինչդեռ ցանկացած խնդիրը պետք է փորձել դիտարկել շատ կոնկրետ: ԱՄՆ իշխանության պահվածքն էլ այդ առումով բավականաչափ կոնկրետ է: Երբ կայացվեց “Հազարամյակների” ծրագրի դադարեցման մասին որոշումը, Հայաստանի վերնախավը անմիջապես սկսեց այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստ, թացը չորի հետ խառնելու իրողություն տեսնել: Սակայն ամերիկացիները հետագա քայլերով հստակ ցույց տվեցին, որ իրականում թացը չորի հետ Հայաստանն է խառնում, ոչ թե իրենք: Հայաստանն է, որ հարցերը ցանկանում է տեսնել ոչ թե կոնկրետ հարթության, կոնկրետ խոստումների եւ պայմանավորվածությունների, այլ ընդհանուր հայ-ամերիկյան բարեկամության շրջանակում: Մինչդեռ բարեկամությունն ինքը կոնկրետ կատեգորիա է, համենայն դեպս արեւմտյան պատկերացումներից ելնելով: Երբ բարեկամությունը վեր է ածվում պատմական իրողության կամ մշակութային արժեքի, ապա այն դառնում է փաստացի բեռ, ինչպես հայ-ռուսական բարեկամության պարագայում, որն այսօր ոչ մի կոնկրետ բան չունի եւ հիմնված է գրեթե բացառապես պայմանականությունների վրա: Սովոր լինելով բարեկամություն ասվածը դիտարկել հենց այդ պատմաբարոյական հարթության վրա, հայերը թերեւս ունակ չեն հասկանալ բարեկամության արեւմտյան չափորոշիչները, որոնց հիմքում կոնկրետ խոսքն ու գործն են, ոչ թե պատմական ժառանգությունն ու դարավոր հարաբերությունները: Ըստ երեւույթին, ամերիկացիները Հայաստանին այժմ ոչ այնքան ժողովրդավարություն, որքան բարեկամություն են սովորեցնում` հայ-ժողովրդավարական բարեկամությունն ամրապնդելու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment