«Ազգը» երեկվա համարում արդեն տեղեկացրել է, որ անգլիական եւ ամերիկյան 6 խոշոր ընկերություններ քարոզչություն են ծավալել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի վավերացման դեմ: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Ասոշիեյթեդ պրեսի» հրապարակումը «Նյու Յորք թայմսի» հունիսի 13-ի համարում:
Կորպորատիվ Ամերիկան սովորաբար քարոզիչների է վարձում հարկերի եւ առեւտրի վերաբերյալ հարցերում Կոնգրեսում ճնշում բանեցնելու համար: Բայց այս անգամ մի փոքր անսովոր (ոմանց բնութագրմամբ` նաեւ ռիսկային) քայլ կատարելով զինամթերքի արտադրության հինգ կապալառուներ եւ էներգիայի շահագործման մեկ ընկերություն վիճարկում են, թե արդյոք մոտ մեկ դար առաջ Թուրքիայի մեկ միլիոն հայերի կոտորածը պե՞տք է որակել ցեղասպանություն:
Այդ 6 ընկերությունները սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որը Մ. Նահանգների գլխավոր ռազմավարական դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում խաղաղության պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարելու իր ջանքերում: Նրանցից ոչ մեկն իր դիրքորոշումը չէր բարձրաձայնել Ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, բայց արդյունաբերության վերլուծողների եւ ուրիշների կարծիքով` նրանք քարոզարշավ են մղել ընդդեմ այս բանաձեւի` ցույց տալու համար, որ պաշտպանում են Թուրքիային` զենքի եւ այլ արդյունաբերական արտադրանքների իրենց կարեւոր շուկային:
«Նրանք չեն ցանկանում երեւալ, որ դեմ են բացահայտ մարդու իրավունքների գործոններ պարունակող բանաձեւին: Դա նրանց կդասեր պատմությունը եւ ցեղասպանությունը ժխտողների շարքին», ասում է Վաշինգտոնում Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:
BAE Systems Inc-ը, Goodrich Cor.-ը, Northrop Grumman Corp-ը, Raytheon Co-ը, United Technologies Corp-ը եւ էներգարդյունաբերող Chevron Corp-ը 14 միլիոն դոլար են ծախսել այս տարվա առաջին քառորդում Կոնգրեսում քարոզչություն ծավալելու համար: Բացի ցեղասպանությունից քարոզչությունը ընդգրկել է նաեւ Պենտագոնի ծախսերը, կլիմայի փոփոխությունները, հարկերը եւ այլն:
«Յունայթեդ թեքնոլոջիզ» ընկերությունը, որը «Սիկորսկի» տեսակի ուղղաթիռներ է վաճառում Թուրքիային, հայտնել է, որ օրենսդիրներին տեղեկություններ է տրամադրել, որպեսզի «նրանք ավելի լավ հասկանան, թե ինչ է նշանակում միջազգային առեւտուր եւ նրանում ընդգրկված ազգային անվտանգություն հասկացությունները»:
Բայց բանաձեւի դեմ քարոզող գործարարները «լավ կորպորատիվ քաղաքացիներ» չեն կարող լինել, նշել է Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆոռնիայից):
«Մարդու իրավունքների վերաբերյալ քարոզչությունը ռիսկի է առնչվում», ավելացրել է Արիզոնայի պետհամալսարանի Վ. Պ. Քարիի անվան բիզնեսի ֆակուլտետի փոխդեկան Ջերրի Կեիմը: 1980-ականներին որոշ ընկերություններ դադարեցրին Հարավային Աֆրիկայի սահմանափակումների դեմ իրենց ջանքերը: «Սկզբում նրանք մտահոգված էին այդ տարածաշրջանի շուկաներով, բայց հետո սկսեցին մտահոգվել այստեղի շուկաներով», բացատրում է Կեիմը:
Այլ մեկնաբաններ գտնում են, որ այդ ընկերությունների դեմ հասարակության հակազդեցությունը չնչին կլինի, քանի որ դրանք` ընկերությունները կառավարությանն են ծառայում եւ ոչ թե անհատ սպառողներին, որոնք կարող են բոյկոտել եւ չգնել նրանց թողարկած արտադրանքները:
Ներկայացուցիչների պալատի (ՆՊ) արտաքին գործերի կոմիտեն նորից չի քննարկել բանաձեւը: Սենատն էլ դեռ որեւէ տարբերակ չունի այդ առնչությամբ: ՆՊ-ի վերոնշյալ կոմիտեի անդամներից մեկն ասել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ բանաձեւը կրկին կդրվի քվեարկման, քանի որ ներկայումս ավելի հրատապ հարցեր (Պակիստան, պետքարտուղարության կողմից նյութական հատկացումներ եւ այլն) կան:
Ըստ պատմաբանների, մինչեւ մեկուկես միլիոն, հիմնականում քրիստոնյա հայեր սպանվեցին օսմանյան թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտի օրերին: Թուրքիան ժխտում է, որ կատարվածը ցեղասպանություն էր, ասելով, որ մահացածների թիվը ուռճացված է եւ դրանք քաղաքացիական պատերազմի եւ խռովությունների հետեւանք էին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը չպատասխանեց մեկնաբանություններ հայցող (մեր) հեռախոսազանգերին եւ էլփոստային հաղորդագրություններին:
Նախքան Գերմանիայում համակենտրոնացման մի ճամբար այցելելը, այս ամսվա սկզբներին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ աշխարհը պարտավորված է դադարեցնել ցեղասպանությունները, եւ իր կառավարությունը ամեն ջանք գործադրում է ցեղասպանությանը վերջ դնելու Դարֆուրում (Սուդան):
Նախընտրական արշավում Օբաման խոստացավ «ճանաչել հայերի ցեղասպանությունը» ընտրվելու դեպքում, բայց ապրիլին Թուրքիայում ելույթ ունենալով, նա խուսափեց այդ բառից: Ըստ Շիֆի, «իննսունչորս տարի առաջ հայերի սպանությունները ցեղասպանություն որակելը եւ այդ հարցի վերաբերյալ Մ. Նահանգների դիրքորոշումը հստակեցնելը վստահություն կներշնչեին այդ ջանքերին, որոնք ուղղված են դադարեցնելու ցեղասպանությունը Դարֆուրում»: Բայց վեց ընկերությունների վրա դրված Թուրքիային չվնասելու ճնշումները բավական ուժեղ են:
Թուրք-ամերիկյան համատեղ գործառնություններից մեկը 3 միլիարդ դոլարի պայմանագիրն է` ստորագրված «Նորթրոպի» կողմից, որով ընկերությունը պարտավորվում է թուրքական մի ընկերության մատակարարել մարտական ռեակտիվ ինքնաթիռներ: «Գուդրիչ» կորպորացիան եւ թուրքական մի ընկերություն համագործակցում են շարժիչների բաղադրամասերի վերանորոգման եւ պահեստամասերի ապահովման բնագավառում: «BAE սիստեմզը» եւ թուրքական մի ընկերությունը միասին զրահապատ մեքենաներ են մատակարարում թուրքական բանակին: «Շեւրոնը» բաժնետոմսեր ունի երկրով մեկ ձգվող խողովակաշարերում: «Ռեյթեոնը» համաձայնել է Թուրքիային վաճառել «Ստինգեր» տեսակի հրթիռներ արձակող համակարգեր, որոնց արժեքն է 34 միլիոն դոլար: Լոնդոնյան «BAE սիստեմզի» ամերիկյան մասնաճյուղի ներկայացուցիչները պաշտպանել են Թուրքիայի հետ առեւտուրը, ասելով որ Թուրքիան Մ. Նահանգների դաշնակիցն է եւ «առեւտրական կապերը ընդլայնվում են» երկու երկրների միջեւ:
«Ռեյթեոնը» եւ «Գուդրիչը» չցանկացան մեկնաբանել իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ:
Հայ ազգային կոմիտեի արեւմտյան շրջանի (Գլենդեյլ, Կալիֆոռնիա) գործադիր տնօրեն Էնդրու Կզիրյանը վճռականորեն նշում է, որ բանաձեւի կողմնակիցները պայքարը չեն դադարեցնելու, եթե նույնիսկ դարձյալ ձախողվի:
«Եթե հստակ ու բարձրաձայն չես նշում, թե ինչ է կատարվել, ապա Դարֆուր ես ձեռք բերում», ասում է նա:
«ԱԶԳ, 17-06-2009
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment