
Tert.am. 12-6-2009- Ռուսաստանը ներկայումս բավարար ռեսուրսներ չունի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում հանդես գա համակարգողի դերում: Նման հայտարարությամբ Day.az-ին տված հարցազրույցում հանդես է եկել ռուս քաղաքագետ, Ազգային ռազմավարական ինստիտուտի հիմնադիր Ստանիսլավ Բելկովսկին:
Նա նշել է, որ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն հրաժարվի Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումներից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը չի կարող արդյունավետ լինել:
Այս հարցում սկզբունքային համակարգողի դերում, քաղաքագետի կարծիքով, հանդես է գալիս ԱՄՆ-ը: «Ես նաև չեմ բացառում Թուրքիայի և Եվրամիության դերը, սակայն ավելի թույլ մակարդակով»,- ավելացրել է Բելկովսկին:
Ինչ վերաբերում է Իրանի միջնորդական հնարավորություններին, ապա Բելկովսկին կարծիք է հայտնել, որ դեռևս վաղ է ասել, որ այս երկիրը հավակնում է տարածաշրջանային համակարգողի դեր ստանձնել, քանի որ դրանում շահագրգռված չէ այնպսի գլոբալ կայսրություն, ինչպիսին է ԱՄՆ-ը: «Այդ իսկ պատճառով Իրանը կարող է Հայաստանի կամ Ադրբեջանի վրա ներգործություն ունենալ ինչ-որ գաղտնի դիվանագիտության կամ տնտեսական ազդեցության միջոցով: Սակայն տարածաշրջանային համակարգողի դերում Իրանին հանդես գալ չի հաջողվի»,- նշել է նա:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախադրյալների մասին հարցին` փորձագետը հայտարարել է, որ առաջիկա ժամանակվա ընթացքում չարժե իրավիճակի փոփոխման հույս ունենալ: «Այս հակամարտության մեջ համակարգող երկրներից ոչ մեկը չի կարող միանշանակ ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում ունենալ: Բացի այդ, մեծ կարևորություն ունի տարածաշրջանային առաջնորդի բացակայությունը»,- եզրափակել է Բելկովսկին:
No comments:
Post a Comment