Wednesday, June 24, 2009

Ինչ կտա նախագահների հանդիպումը

Ախալքալաք, Ա-ԻՆՖՈ –23-6-2009- Այն որ ջավախահայերին տարիներ շարունակ հուզում են տարածաշրջանի տարբեր բնագավառերում տիրող խնդիրների առկայությունը, արձանագրում են ոչ միայն տեղական, այլեւ մի շարք արտասահմանյան կառույցներ: Սակայն, մտահոգիչն այն է, որ այդ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ գրեթե լուրջ քայլեր չեն տարվում, ավելին` տեղաբնակների` երկրի իշխանություններին բազմիցս ուղարկված գրությունները, մշտապես դատապարտված են եղել անուշադրության` այդպես էլ չարժանանալով արդարացի լուծումների: Սակայն, նկատի ունենալով Հայաստանի եւ Վրաստանի նախագահների առաջիկա հանդիպումը Երեւանում, որի ընթացքում, ի դեպ, պետք է նաեւ քննարկվեն Սամցխե-Ջավախքի հայությանն առնչվող որոշ հարցեր, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութունների խորհուրդը հանդես է եկել երկու նախագահներին ուղղված նամակով, որում խորհրդին անդամ կազմակերպությանները ողջունելով կողմերի հանդիպումը` բարձրաստիճան ղեկավարների երկխոսություններն ու հանդիպումները համարում են տարբեր երկրների ու ժողովուրդների միջեւ ծագած խնդիրների լուծման բանալի: Վերոհիշյալ նամակում, հպանցիկ ներկայացնելով Ջավախքի ներկան, նշվում է, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, տեղի հայ բնակչության նկատմամբ կիրառվում են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են հայաթափման ճանապարհով արհեստականորեն փոխել ազգային կազմը, ոտնահարվում են տեղացիների ազգային ու քաղաքացիական գրեթե բոլոր իրավունքները եւ այլն: Նշվում է, որ ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Հայաստանն է տեղաբնակների ազգային արժեքների պահպանման ու զարգացման երաշխաւորը, քանզի այն ջավախահայերի հոգեւոր հայրենիքն է: Եվ որպեսզի բացառվեն նման անցանկալի երեւույթները, եւ որպեսզի համապատասխան միջոցառումներ մշակվեն ու ամրագրվեն համարժեք օրենքներով, անհրաժեշտ է համարվում երկու նախագահների անմիջական հսկողության առկայությունը: Համոզված լինելով, որ կողմերը տեղեկացված են ջավախահայերին հուզող խնդիրների մասին, խորհուրդը նկատում է, որ դրանց հիմնական մասը գոյություն չէր ունենա, եթե ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեին: Այս հարցում հատկապես կարեւորվում է ԵԽ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիան»` այն միջազգային փաստաթուղթը, որի տակ ստորագրել են նաեւ Վրաստանի ու Հայաստանի նախագահները, եւ որը վավերացված է երկու երկրների խորհրդարանների կողմից: Այս իսկ արձանագրելով, խորհուրդն իր մտավախությունն է հայտնում, որ այդ խնդիրները բարձիթողի վիճակում թողնելը կամ ներկայիս ձեւով առաջ տանելը կնպաստի անկանխատեսելի իրավիճակներ առաջանալուն եւ կվնասի Վրաստանի անվտան•ությանը, բազմազգ քաղաքացիների փոխհանդուրժողականությանը, նաեւ ժողովուրդների համերաշխությունն ապահովելուն ուղղված աշխատանքներին: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն իր ուրախությունը հայտնելով նախագահներին միասին տեսնել Սամցխե-Ջավախքում, կողմերին առաջարկում է ստեղծել համատեղ միջպետական հանձնախումբ, որի նպատակը պետք է լինի ուսումնասիրել տեղում տիրող իրավիճակը եւ երկու երկրների ղեկավարներին ու խորհրդարաններին առաջարկություններ ներկայացնելը: Կազմակերպությունը կարեւորում է նաեւ Եվրախորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային համաձայնագրի ոգուն համահունչ պայմանագիր կնքել, որով երկուստեք պարտավորություններ կստանձնեն համախումբ եւ ավանդաբար ապրող հայության ֆիզիկական, ազգային, հոգեւոր, կրթական եւ մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումն ապահովվող գործողությունների վերաբերյալ, եւ կմշակեն ծրագրեր այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները իրականացնելու նպատակով: Հաջողություն մաղթելով երկրների նախագահներին հետագա աշխատանքներում, խորհուրդը հույս ունի, որ կողմերի հանդիպումը դրական ելք կունենա առաջին հերթին հենց ջավախահայերի համար, եւ որ, ի վերջո, համատեղ կորոշվի այն ուղին, որի շնորհիվ լուծումներ կստանան Սամցխե-Ջավախքի տարաբնույթ ու բազմոլորտ ընդգրկվածությամբ հիմնախնդիրները:

No comments: