Wednesday, June 24, 2009

Մոսկվայում այլատյացության եւ ծայրահեղականության դեմ ուղղված լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - 2009թ. հունիսի 22-ին տեղի է ունեցել Մոսկվայի կառավարությանը կից նորաստեղծ Ազգությունների գործերով խորհուրդի առաջին նիստը: Խորհուրդը ստեղծվել է նախկինում գործող Ազգամիջյան խորհրդատվական խորհդրի փոխարեն: Նիստը վարում էր Խորհրդի նախագահ, Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովը: Քննարկվել են Մոսկվայի կառավարությանը կից Ուսանողական հայրենակցական միությունների ստեղծման ու այլատյացության եւ ծայրահեղականության դեմ ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկման հարցերը: Ըստ Ազգությունների գործերի խորհրդի տեղակալ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանի, Խորհուրդը խոսիքց գործի է անցել: «Եթե նախկինում մենք քննարկում էինք այլատյացության լինել չլինելու խնդիրը, այսօր մենք քննարկել ենք կոնկրետ մեխանիզմներ: Ազգային քաղաքականության համակարգողներ նշանակելով Սերգեյ Բայդակովին ու Միխաիլ Սոլոմենցեւին, Լուժկովը զգալի ներդրում ունեցավ իր թեզն իրականացնելու գործով, որի համաձայն բազմազգությունը Մոսկվայի հարստությունն է»,-ասել է Խալաթյանը: Ինչպես նշում է Ռուսաստանի հայերի միության լրատվական կենտրոնը, Մոսկվայի բոլոր շրջաններում ստեղծվում են աշխատանքային խմբեր, որի կազմը միջգերատեսչական կլինի: Ըստ ՌՀՄ երիտասարդական քաղաքականության գծով փոխնախագահ Լեւոն Մուքանյանի, այսօր տեսանելի է Մոսկվայի կառավարության սկզբունքային նոր մոտեցումն այլատյացության եւ ծայրահեղականության խնդիրների լուծմանն հարցում: Նման լուրջ աշխատանքը կարող է արդյունավետ լինել միայն մեր պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման եւ բոլոր հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ»,-ասել է Մուքանյանը:

No comments: