Wednesday, June 24, 2009

Քաղբանտարկյալները դիմել են Եվրադատարան

«ՀԵՏՔ» 23-6-2009- Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուն պես այսօր շիրակցի քաղբանտարկյալներ, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանն ու ազատամարտիկ Գևորգ Ղազարյանը Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզային գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել: Խոսելով համաներման մասին` Աշոտ Զաքարյանն ասաց, որ դա կատարվել է եվրոպացիների, ինչպես նաև` մեր ժողովրդի ճնշման ներքո: «Եթե նշված ակտը իրականացվեր իսկապես իշխանությունների նախաձեռնությամբ, ես միգուցե կտմածեի, որ, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ իշխանությունները կատարել են նաև երկխոսություն սկսելու համար, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այդ ակտը իրականացվել է միջազգային կառույցների ճնշման արդյունքում, որը մեր ժողովրդի հետևողական պայքարի արդյունքն է: Եվ ես կարծում եմ, որ գործող վարչակազմը, այնուամենայնիվ, չունեցավ էդ քաղաքական, քաղաքացիական կամքը, որպեսզի մեկընդմիշտ քաղբատարկյալ ինստիտուտից ազատվեր, դրանով, ինչու չէ, վերջ դներ Հայաստանի նկատմամբ մեկ տարուց ավելի իրականացվող մոնիտորինգին եվրոպական կառույցների կողմից»,- ասաց Աշոտ Զաքարյանը: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկի կյանքին` մեկ բառով այն բնութագրեց որպես «խայտառակ»: «Դա կապված է ոչ թե անձնակազմի հետ ունեցած հարաբերությունների հետ, էսօր քրեակատարողականներում առնվազն երկու անգամ նախատեսվածից ավել մարդ է գտնվում, էն նորմերը, էն միջազգային նորմերը, միջազգային պայմանները, որոնց Հայաստանը միացել է, այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկների մասով, բոլորովին չի համապատասպանում իրականությանը: Բոլոր կացարաններում, խցերում առնվազն երկու անգամ ավել մարդ են պահում: Կարելի է հետևություն անել, թե ինչ վիճակի մեջէ էդ համակարգը»: Նա նաև տեղեկացրեց, որ իրենց գործն ուղարկվել է Եվրադատարան, եւ արդեն իսկ պատասխան են ստացել, որ այն վարույթ է ընդունվել: «Մենք սպառել ենք մեր պետական դատական ատյանները: Իհարկե, ցավով եմ նշում, որ մենք ստիպված ենք չվստահել մեր դատական ատյաններին և փորձել արդարադատություն որոնել Հայաստանից դուրս, բայց ունենք այն, ինչ ունենք: Անցնող ժամանակահատվածում հատկապես կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատության համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, կա մի համակարգ, որը սպասարկում է օլիգարխիկ և կրիմինալ համակարգի շահերը: Փորձում եմ հավատալ, որ Եվրոպական դատարանը, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ է կայացնելու, բայց հանուն այն բանի, որ արդարադատությունն, ի վերջո, հաղթանակ տոնի, ի վերջո դատավոր կոչվածները, ովքեր և’ իրենց կոչումով, և’ իրենց կարգավիճակով կոչված են արդարադատություն իրականացնելու, միգուցե այդ վճիռները առիթ հանդիսանան, որ իրենց վերաբերմունքը փոխեն»,- ասաց Աշոտ Զաքարյանը: Հիշենենք, որ շիրակցի յոթ քաղբանտարկյալներից հինգը, բացառությամբ Հարություն Ուռուտյանի և Մուշեղ Սաղաթելյանի, արդեն իսկ ազատ են արձակվել:

No comments: