Saturday, June 13, 2009

«Ռուսական երկաթուղիների» նախագահը խոստացել է կատարել ներդրումային պարտավորությունները

Tert.am. 12-6-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին։ «Ռուսաստանին մենք համարում ենք մեր ամենահուսալի դաշնակիցը և երկկողմ կապերի հետագա ամրացմանը տալիս ենք առաջնահերթ նշանակություն»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Այդ առումով, ըստ նախագահի, տրանսպորտն ընդհանրապես, և երկաթուղային տրանսպորտը, մասնավորապես, էական դեր ունեն։Վլադիմիր Յակունինը նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները` նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ։ Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարևորութունն ըստ պատշաճի գնահատելու և ուշադրության կենտրոնում պահելու համար։ Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթգիծի ղեկավարությունը և հայ գործարարները։«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ խոսքով` ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաև Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է։ Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին։ Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաև ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում ևնվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձևավորելու հետ կապված ծրագրերին։ Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն։

No comments: