Saturday, June 13, 2009

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները կտարվեն Մայր Տաճար

HayInfo. 12-6-2009- Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրի մասունքները ուրբաթ կտարվեն Միածնաէջ Մայր Տաճար՝ շաբաթ օրը նշվող Վիրապից ելնելու տոնի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան": Ինչպես տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները տեղական ժամանակով ժամը 18։00-ին հանդիսավոր թափորով կբերվեն Միածնաէջ Մայր Տաճար։ Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի նախատոնակի արարողություն, որի ընթացքում ուխտավոր հայորդիները հնարավորություն կունենան մեր հավատի հոր սրբազան մասունքներից օրհնություն ստանալ: Հունիսի 13-ին տեղական ժամանակով ժամը 9։00-ին Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները կտարվեն Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կմատուցվի Սուրբ Պատարագ: 301 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որն սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սբ. Եկեղեցու առաջին հովվապետ: Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ:

No comments: