
Tert.am. 12-6-2009- Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանում ակնկալում են զբոսաշրջիկների աճ։ Այդ մասին զբոսաշրջության սեզոնի նախաշեմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքերով՝ աճը գրանցվել է արդեն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Այսպես, 2008թ. համանման ցուցանիշների համեմատ 2009թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 2,8%-ով ավելի շատ զբոսաշրջիկ (ավելի քան 85 000 մարդ)։ Դրան, ըստ փորձագետի, նպաստում է գնային քաղաքականությունը հյուրանոցային բիզնեսի ոլորտում։ Ապրեսյանը որպես օրինակ բերել է Ծաղկաձոր քաղաքի որոշ հյուրանոցներ, որոնք 2-հոգանոց համարները տրամադրում են մեկ օրվա համար 15 հազ. դրամով՝ 30 հազ. փոխարեն։
Գնային քաղաքականության հարցերը քննարկվել են մասնավոր սեկտորի, այդ թվում նաև հյուրանոցային բիզնեսի, զբոսաշրջության ոլորտի օպերատորների և ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև այն հարցը, թե ինչպես ավելի մրցունակ դարձնել Հայաստանը ճգնաժամի պայմաններում։
No comments:
Post a Comment