Thursday, August 13, 2009

Բրայզա-Քեյդենաու՝ ո՞վ, ինչո՞ւ. Մեկնաբանում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կարող է ազդարարել ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը տարածաշրջանում: Նման կարծիք է այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Մեթյու Բրայզային Թինա Քեյդենաուով փոխարինելու իրողությունը մեկնաբանելու մեր խնդրանքի: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ ի տարբերություն Ադրբեջանում նշանակված ԱՄՆ մյուս դեսպանների՝ Բրայզան ունի մի յուրահատկություն. նա անձնական ջերմ հարաբերություններ ունի մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ղեկավարների հետ: «Սա շատ մեծ նշանակություն ունի այն առումով, որ առաջին անգամ ԱՄՆ դեսպանը Ադրբեջանում կարող է տանել ինտեգրացիոն գործընթացներ՝ օգտագործելով անձնական կապերը»,- ասել է մեր զրուցակիցը: Ըստ Դավիթ Բաբայանի՝ Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պետք է լինի հավասարակշռված, թեև «արդեն իսկ հասցրել է որոշ թերություններ թույլ տալ» (նկատի ունի Բրայզայի ծաղկաձորյան հայտարարությունները՝ նշելով, որ նա ավելի շատ արտահայտում էր Ալիևի կարծիքներն ու մոտեցումները-հեղ): Այս առումով Դավիթ Բաբայանը նկատել է, թե ավելի ճիշտ կլիներ Բրայզային օգտագործել Վրաստան-Ադրբեջան կամ Վրաստան-Հայաստան, քան ադրբեջանաղարաբաղյան հարաբերություններում: Բրայզային դեսպան նշանակելը Դավիթ Բաբայանը որակել է բավականին «հետաքրքիր և կարևոր զարգացում», իսկ ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Բրայզայի փոփոխությանը, մամուլի խոսնակն ընդգծել է, թե դեռ պարզ չէ՝ միջնորդական խմբում ով կփոխարինի Բրայզային: Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել է, որ դիվանագետ Թինա Քեյդենաուն, ով աշխատել է Կոսովոյում և Սարաևոյում, կփոխարինի Մեթյու Բրայզային՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնում: Այս հանգամանքն է, հավանաբար, պատճառը, որ Դավիթ Բաբայանը նշել է, թե դեռ պարզ չէ ով կփոխարինի Մեթյու Բրայզային ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ի դեպ, Tert.am-ը Թինա Քեյդենաուով Մեթյու Բրայզայի փոխարինման մասին զրուցել է մեկ այլ փորձագետի հետ ևս, ով խորհրդի կարգով մեզ ասել է, որ որևէ պարտավորեցնող բան չկա, որը կնշանակի, թե Թինա Քեյդենաուի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ պաշտոնում, նշանակում է նաև վերջինիս ընդգրկումը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես ամերիկացի համանախագահ:

No comments: