Wednesday, August 26, 2009

ԻՆՉ Է ԱՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

«Լրագիր» 29-8-2009- Սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական մասը նվիրված է լինելու Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներին: Այս մասին Գյումրիում լրագրողներին տեղեկացրել են Կոնգրեսի պատասխանատուները: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կոնգրեսի անդամ կուսակցությունների մեծամասնությունը հակված է խնդրի լուծումը տեսնել փոխզիջումային ճանապարհով: Նման ճանապարհի ջատագով է նաեւ իշխանությունը, ինչը հասարակության մոտ անխուսափելի առաջացրեց հարց՝ իսկ ինչով են տարբերվում ընդդիմությունն ու իշխանությունն այս հարցում: Կոնգրեսի պատասխանատուները մինչ այժմ այս հարցին պատասխանել են հետեւյալ կերպ՝ իրենց պատկերացրած փոխզիջումը արժանապատիվ է, ինչպես նաեւ ավելի քիչ է հանձնվող տարածքների թիվը: Հասարակության համար, խոշոր հաշվով, սա բացատրություն չէ: Ճիշտ է, վերջին տարիներին Ղարաբաղի հարցի ու ղարաբաղցիների թեման Հայաստանում այնքան է արծարծվել, հիմնականում բացասական գծերով, որ հասարակության մի մասի մոտ առաջացել է տեսակետ, թե բոլոր դժբախտությունների պատճառը Ղարաբաղն է ու ղարաբաղցիները, եւ որքան շուտ ազատվենք այդ հարցից, ղարաբաղցիներին էլ վտարենք Հայաստանից, այնքան լավ կլինի: Սակայն այս “սրճարանային հակաղարաբաղիզմը”, այնուամենայնիվ, չի բարձրացել կենցաղային մակարդակից եւ իր մեջ քաղաքական լուրջ պոտենցիալ չի պարունակում: Գալով քաղաքական մակարդակ, գոնե վերջին ամիսների իրադարձությունները պետք է որ հուշեն, որ աշխարհը բոլորովին այլ տրամաբանությամբ է զարգանում, քան կարող ենք մենք պատկերացնել: Եւ ինչ որ մեկի կողմից ինչ որ ժամանակ ներմուծած “փոխզիջում” տերմինն այն աստիճան է արմատավորվել Հայաստանի քաղաքական դասի գիտակցության մեջ, որ դարձել է քաղաքական մտքի հասունության, ողջախոհության, համարժեքության արտահայտություն: Այսինքն, եթե խոսում ենք փոխզիջումից ու պատրաստ ենք դրան, ուրեմն համարժեք ենք աշխարհի զարգացումներին: Եւ այդ դեպքում կլինի աջակցություն արտերկրից: Դրանով է պայմանավորված իշխանության անգրագետ ու խառնաշփոթ, եւ ընդդիմության գրագետ ու նպատակային քարոզչությունն առ փոխզիջում: Մեր քաղաքական վերնախավին նույնիսկ չի հուզում այն փաստը, որ պատմության մեջ չկա որեւէ խնդրի փոխզիջումային լուծում: Նման բան պարզապես չի կարող լինել: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ մեր քաղաքական դասի սեւեռվածությունը փոխզիջմանը ստիպված եղավ ցրել Մինսկի խմբի կենսախինդ համանախագահ Մեթյու Բրայզան: Նա պարզապես ակնառու ցույց տվեց, որ հայերի երազած փոխզիջումային լուծումն ընդամենը կապիտուլյացիայի ակտ է, ուրիշ ոչինչ: Միայն այսքանից հետո, եւ նաեւ մի քանի չծախված քաղաքագետների ու մեկնաբանների հրապարակումներից հետո կարծես թե քաղաքական դասը հասկացավ, որ ինչ որ բան այն չէ: Օրինակ, իշխանությունն իր հաստիքային «քաղաքագետներին» կարծես թե հրամայել է հանդես գալ արդեն ավելի կոշտ դիրքերից: Երեւի հասկացել են, որ դա է սեփական փրկության միակ ճանապարհը: Հասարակությունն այսօր իշխանությունից չունի որեւէ սպասելիք: Իր հերթին, հասարակությունը, Հայ ազգային կոնգրեսի անդամների մի մասը Լեւոն Տեր-Պետրոսյանից սպասում են առարկայական դիրքորոշում: Ժիրայր Սեֆիլյանին կարելի է հասկանալ, երբ ասում է, որ չի բացառում դիրքորոշման փոփոխություն, եւ որ որեւէ ամոթ բան չկա դրա մեջ: Իր հերթին, արդարացում չի կարող լինել Լեւոն Զուրաբյանի հաճախ կրկնվող արտահայտությունը, թե Մադրիդի սկզբունքները գաղտնի են պահվում, այդ պատճառով էլ Կոնգրեսն առայժմ չի արտահայտում իր դիրքորոշումը: Հասարակությանը խոշոր հաշվով չի հետաքրքրում, թե ինչ է գրված այդ «գաղտնի» փաստաթղթում, մանավանդ որ Կոնգրեսը միշտ արդարացիորեն նշել է, որ մենք պետք է լուծենք մեր հարցերը: Իսկ «մեր հարցերը» չափազանց հստակ են՝ Հայաստանում օրինականության ու Սահմանադրական կարգի հաստատում, եւ Ղարաբաղի ճանաչում եւ պատերազմի արդյունքների ամրագրում միջազգայնորեն: Եւ հասարակությունը սպասում է այս խնդիրների լուծման հստակ քայլերի պարզաբանում եւ իրագործում:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: