Saturday, August 8, 2009

ՂԱՐՍԻ ԽՈՐՈՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Lragir.6-78-2009 - Շատ է խոսվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը նպաստավոր կլինի Հայաստանի տնտեսության համար: Քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնեսմենները նշում են, թե Հայաստանն այդպիսով կունենա նոր շուկա, կարճ եւ էժան հաղորդակցություններ եւ այլն, ինչը բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Որպես հիմնավորում նշվում է, թե սահմանի փակ լինելը ձեռնտու է Հայաստանի օլիգարխներին, որոնք այդպիսով պահպանում են մենաշնորհները եւ շուկային թելադրում իրենց գնային քաղաքականությունը: Ասել կուզի, սահմանի բացումը կնպաստի նրան, որ այդ մենաշնորհները կթուլանան: Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու գրեթե օլիգարխ Գուրգեն Արսենյանն այս առումով ասում են, թե Հայաստանի ապագայի, ոչ թե մի 50-60 օլիգարխի, այլ մի քանի տասնյակ հազար փոքր ու միջին բիզնեսմենների մասին պետք է մտածել: Հակառակ տեսակետ ունեցողներն, իրենց հերթին, զգուշացնում են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի վտանգի մասին. Թուրքիայի տնտեսական կարողություններն անհամեմատելի են Հայաստանի հետ բոլոր առումներով, թուրքական ապրանքների ներհոսքը կոչնչացնի տեղական արտադրությունը եւ այլն: Դժվար է չհամաձայնել այս տեսակետներին, եթե մի պահ վերանանք այն իրականությունից, որում մենք ապրում ենք: Սակայն վերադառնալով իրականությանը, պետք է արձանագրենք, որ բոլոր այս տեսակետները բխում են խորքային նույն իրողությունից: Խոսքը Հայաստանի տնտեսության կառուցվածքի մասին է: Հայաստանի տնտեսությունը, ընդհանրապես քաղաքական-տնտեսական համակարգն իրենից ներկայացնում է քվոտաների ու “զոնաների” մի կուռ ամբողջություն, հստակ սահմանած իրավունքներով ու պարտականություններով: Խոշոր բիզնեսը, սերտաճելով պետական կառույցներին, մենաշնորհել է ողջ տնտեսական դաշտը: Ընտրություններին ծառայություն մատուցելով իշխանությանը՝ հասարակությանը ընտրական մեխանիզմներից մեկուսացնելով ու նրան զրկելով իշխանություն ձեւավորելու իրավունքից, խոշոր բիզնեսը ստացել է արտոնություններ եւ մենաշնորհներ, այդպիսով զրկելով հասարակությանը նաեւ լիարժեք կենսագործունեությունից: Ահա նման պայմաններում, եթե չի լուծվում այս հիմնարար խնդիրը, եթե նույնիսկ հայ-թուրքական սահմանը բացվի օրը երեք անգամ, ոչինչ էլ չի փոխվի: Թուրքիայի հետ սահմանը մեր օլիգարխները կմենաշնորհեն անմիջապես. մաքսային ծառայությունը, ինչպես Հայաստան պետության մյուս անցակետերում, խիստ հսկողություն կսահմանի, որպեսզի պահպանի երկրի ներսում գործող տնտեսական քվոտաների կայունությունը: Եւ շղթան, որ սկսում է մաքսայինից, կգործի մյուս օղակներում նույնպես: Օլիգարխները կհարստանան ավելի, իսկ փոքր ու միջին բիզնեսը գուցե մի երկու ավտոլվացման կետ ու Ղարսի խորոված հասցնի դնել հայ-թուրքական սահմանի մոտակայքում: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: