Tert.am. 18-9-2009- Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն։ Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը և 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը։
Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր։ Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է նախագահ Սերժ Սարգսյանը։
«Աշխարհում քչերը կան, ովքեր հիացած չեն սինգապուրյան հրաշքով, և բոլորը շատ հստակ պատկերացնում են, որ Դուք, լինելով առաջին վարչապետը, այդ գործի հեղինակն ու կազմակերպիչն եք։ Եվ, իհարկե, այդ օրինակը շատ ցանկալի է փոքր պետությունների համար», – ասել է Սերժ Սարգսյանը։
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լի Կուան Յուի այցը նոր շունչ կհաղորդի Հայաստան-Սինգապուր պատմական հարաբերություններին, և նշել, որ երկու երկրների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համար հրամանագիր է ստորագրել նրան Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին։
Շնորհակալությամբ ընդունելով պարգևը` Սինգապուրի ավագ նախարարն ասել է, որ ուրախ է Հայաստան այցելելու հնարավորության համար։ Նրա խոսքով` Սինգապուրում հայերի թիվը թեև փոքր է, բայց նրանք վճռորոշ դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում, իսկ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում գործում է հայկական եկեղեցի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սինգապուրյան զարգացման մոդելի շուրջ, քննարկել են ձեռք բերված փորձի վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունները։ Լի Կուան Յուի խոսքով` իրենց փորձը հուշում է, որ երկրի արդյունավետ զարգացման հիմքը բարձր որակի կրթությունն է, որի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` երիտասարդությանը հնարավորություն տալով ուսանել արտերկրի բարձրակարգ ուսումնական հաստատություններում։ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ քայլեր են ձեռնարկվում, և այս տարի առաջին անգամ նաև պետության ֆինանսական օժանդակությամբ մի խումբ երիտասարդներ կուսանեն աշխարհի առաջնակարգ բուհերում։
Հանրապետության նախագահը հետաքրքրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի կայացման սինգապուրյան փորձով` նշելով, որ Հայաստանը մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խումբ գործուղել Սինգապուր` փորձին տեղում ծանոթանալու և վերապատրաստվելու նպատակով։
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment