Wednesday, September 23, 2009

Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Արցախի կարգավիճակն է. ՀՀ ԱԳ նախարար

HayInfo.23-9-2009- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Արցախի կարգավիճակի սահմանումն է: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Նալբանդյանն ասել է համատեղության կարգով հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ (Ավստրալիա, Բելգիա, Բենին, Էստոնիա, Իսպանիա, Լատվիա, Քաթար, Հունգարիա, Հարավային Աֆրիկա, Չեխիա, Քուվեյթ, Կիպրոս, Կորեա, Սերբիա), ովքեր Երևանում են գտնվում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Հակամարտության կարգավորման բանալին Արցախի կարգավիճակն է, և այս հարցում փոխըմբռնումը հիմք կստեղծի հիմնախնդրի կարգավորման համար` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Դեսպանների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով, որ կողմերը սկսել և վարել են բանակցություններն ու եկել են համաձայնությունների այն փոխըմբռնմամբ, որ հարաբերությունները պիտի կարգավորվեն և սահմանները բացվեն առանց նախապայմանների: ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այս սկզբունքից որևէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը։ «Հանդիպմանը ներկա դեսպանները հայտնեցին իրենց աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կընթանան առաջ՝ հարգելով պայմանավորվածությունները», - նշեցին մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հայկական դիվանագիտությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատմանը, միջազգային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը: Նախարար Նալբանդյանն ու Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպանները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

No comments: