Wednesday, September 23, 2009

ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ Է

«Լրագիր» 22-9-2009- Երբ ընդդիմադիր մամուլը Սերժ Սարգսյանի անվան դիմաց չի գրում “ՀՀ նախագահ” բառակապակցությունը, նրա աշխատակազմի լրատվության պատասխանատուները դժգոհում են հրապարակավ: Սակայն իր ամեն մի գործողությամբ Սերժ Սարգսյանը հաստատում է, որ ընդդիմադիր մամուլը ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն առայժմ նախագահ չէ: Հենց թեկուզ այն պատճառով, որ նրա համար երկիրը բաժանված է յուրայինների ու օտարների: Մասնավորապես, Հայաստանի անկախության տոնին նվիրված ընդունելությանը հրավիրված չեն եղել ընդդիմության գործիչներն ու ոչ իշխանական լրատվամիջոցները: Եթե դատենք Սերժ Սարգսյանի “տրամաբանությամբ”` այսինքն տարբերակումներ անենք, ապա կարելի է ասել, որ ընդունելությանը ներկա չգտնվող գործիչներն ավելի շատ բան են արել Հայաստանի անկախ պետականության կայացման համար, քան ընդունելությանը ներկա գտնվածները, բացառությամբ մի քանի հոգու: Եւ ընդհակառակը՝ ընդունելությանը ներկաներից շատ շատերն իրենց գործունեությամբ անդառնալի վնասներ են հասցրել Հայաստանի անկախ պետականությանը, նաեւ կատարելով բազմաթիվ ծանրագույն հանցագործություններ: Նույնը կատարվել է նաեւ ԶԼՄ-ների պարագայում: Վերջերս Սերժ Սարգսյանը իշխանամետ լրատվամիջոցներին հրավիրել է իր պալատ՝ քննարկելու վերջին զարգացումները, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում: Չեն հրավիրվել ոչ իշխանամետ լրատվամիջոցները: Եւ ծագում է նույն հարցը՝ ինչով է զբաղված ընդհանրապես իշխանամետ մամուլը Հայաստանում, Սերժ Սարգսյանի քաղաքական հակառակորդներին հայհոյելուց եւ հասարակությանը հետեւողականորեն ապատեղեկացնելուց, ինչպես նաեւ իշխանական ներկայիս էլիտայի հանցագործությունները ծածկելուց կամ արդարացնելուց բացի: Երբեւէ իր եթերն ու էջերը նվիրե՞լ է Հայաստանի համար որեւէ կենսական հարցի քննարկման: Եւ, ի վերջո, ինչ արժեք ունի իշխանական քարոզչամեթոդը, եթե դրան Հայաստանում ոչ ոք չի հավատում, գումարած այն, որ ընդդիմադիր որեւէ թերթի տպաքանակն ավելի է, քան բոլոր իշխանական թերթերինը միասին վերցրած: Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, ընդունելություններին հրավիրում էր բոլորին, անկախ նրանից՝ “յուրային” են, թե “օտար”, եւ անկախ նրանից՝ կգան, թե չէ:

No comments: