«Լրագիր» 30-9-2009- Հայաստանի ու սփյուռքի ակտիվ շփումները սկսեցին անմիջապես անկախությունից հետո: Հայաստանի բոլոր ղեկավարները հրապարակայնորեն ընդունում էին հայկական պետականության կառուցմանը սփյուռքի մասնակցության իրավունքը, թե արտաքին ու թե ներքին ասպարեզում: Ճիշտ է, Հայաստանում ոչ ոք չէր էլ մտածում, որպեսզի մեխանիզմներ ու ինստիտուտներ ստեղծեն այդ իրավունքն իրացնելու համար: Ավելի ճիշտ, ինչ որ մեկը թերեւս մտածել էր, սակայն միայն այն բանի համար, որպեսզի թույլ չտա նման ինստիտուտների ստեղծումը:
Սկզբունքորեն, հայկական սփյուռքը զրկված է Հայաստանի քաղաքականությանը մասնակցելու որեւէ հնարավորությունից: Եւ դա ակնառու արտահայտվեց, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի եւ սփյուռքի դիրքորոշումներում հայ-թուրքական հարաբերության շուրջ սկզբունքային տարաձայնություններ կան: Սակայն արդեն ակնհայտ է, որ չնայած Սերժ Սարգսյանի համազգային ուղեւորությանը, սփյուռքը դժվար թե կարողանա ազդել իշխանության որոշման վրա, որ տրամադրված է հաշտվել Թուրքիայի հետ հսկայական զիջումների գնով:
Մի քանի հարթություններ կան, որտեղ հնարավոր է սփյուռքի մասնակցությունը հայկական քաղաքականությանը: Դա Հայաստան համահայկական հիմնադրամն է, որի միջոցով սփյուռքը կարող է մասնակցել տնտեսական ու սոցիալական ծրագրերի, Լինսի հիմնադրամը, որը նույնպես քաղաքական ծրագրերով չի զբաղվում, խոշոր լոբբիստական կազմակերպությունները, որոնք հայկական շահերը պաշտպանում են այլ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում: Դա ավանդական հայկական կազմակերպություններն են, որ ներկայացված են Հայաստանում, սակայն ֆինանսավորվում են արտասահմանից: Դա սփյուռքի հարցերի նախարարությունն է, որ ստեղծվել է մեկ տարի առաջ: Կան մի քանի կազմակերպություններ եւ ինստիտուտներ, որոնց միջոցով շփում է տեղի ունենում իշխանության ու սփյուռքի միջեւ:
Սակայն, դրանցից ոչ մեկը չի ապահովում սփյուռքի ազդեցությունը իշխանության քաղաքականության վրա, եւ ոչ միայն պետությանը, այլեւ սփյուռքին վերաբերող հարցերում: Փաստորեն, սփյուռքը լոբբի ունի շատ երկրներում, սակայն չունի հայաստանում: Չկա որեւէ ինստիտուտ, որ պաշտպանի սփյուռքի շահերը Հայաստանում: Դա լիովին կախված է իշխանության քմահաճույքից, նրանց նախասիրություններից եւ առանձին անձանց հանդեպ վերաբերմունքից:
Հայաստանում չկա նույնիսկ հեռուստաալիք, որ ֆինանսավորվի սփյուռքի կողմից: Դա հասկանալի է՝ սփյուռքը միշտ ձգտել է շրջանցել Հայաստանի ներքաղաքական խնդիրները, եթե նույնիսկ դրանք վերաբերել են հիմնարար ժողովրդավարական արժեքներին: Հայաստանի եւ հատկապես Արցախի կերպարը սփյուռքը փայփայել է որպես սրբապատկեր: Ամեն օր սրբել է փոշին դրանց վրայից ու ընդունել որպես սրբություն: Եւ երբեւէ չի մտածել, որ սեփական շահերը պաշտպանելու համար պետք կգան կոնկրետ լծակներ:
Եւ ահա Սերժ Սարգսյանը որոշեց իմանալ սփյուռքի կարծիքը: Ինչո՞ւ: Դժվար թե այն բանի համար, որ փոխի իր որոշումը: Այո, Սերժ Սարգսյանը կիմանա նրանց կարծիքը, հնարավոր է, նրանց նույնիսկ թույլ տրվի բացասական կարծիք հայտնել: Սակայն նրանք ոչինչ չեն կարող անել, եթե Սերժ Սարգսյանը չփոխի իր դիրքորոշումը: Ժամանակին պետք է մտածեին այդ մասին: Հայաստանի հասարակությունն էլ չունի որեւէ լծակ ազդելու որոշումների ընդունման վրա: Քեզ կարող են ուշադիր լսել, սակայն անել ինչ ուզեն, եւ ոչինչ չես կարող անել: Իսկ հեռուստացույցով կցուցադրեն Հրանտ Վարդանյանին, ով կհայտարարի, թե օրուգիշեր մոմ են վառում ու աղոթում, որ սահմանը բացվի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Wednesday, September 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment