Wednesday, September 30, 2009

Կհանդիպի Ահմադինեժադին

A1+. 30-9-2009- Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն այցի վերաբերյալ: Երեկ կեսօրին, Թեհրանի ՙՄեհրաբադ՚ օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց ԻԻՀ Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբութոռաբիֆարդը, ում հետ պրն. Աբրահամյանը կարճատև զրույց ունեցավ օդանավակայանի պատվո հյուրերի սրահում: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարան, որտեղ և տեղի ունեցավ պրն. Աբրահամյանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ ԻԻՀ խորհրդարանի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական բարեկամությունն ի դեմս երկու երկրների ղեկավարության այսօր գտել է այդ հարաբերությունների արժանի ու հավատարիմ ջատագովների: Նա նաև հույս հայտնեց, որ այդ ամուր պատմական հիմքը թույլ է տալիս այսօր զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում' ներառյալ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց երկկողմ հարաբերությունների ԻԻՀ խորհրդարանի նախագահի գնահատականի հետ: Նա վերահաստատեց պրն. Լարիջանիին Հայաստան այցելելու իր հրավերը և հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կհյուրընկալի Երևանում իր իրանցի գործընկերոջը: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը և Լարիջանին քննարկեցին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-իրանական ամուր ու բարեկամական հարաբերությունները բխում են երկու երկրների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Այդ համատեքստում նրանք քննարկեցին տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Իր գործընկերոջ խնդրանքով՝ պրն. Աբրահամյանը պրն. Լարիջանիին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին խորացնել ՀՀ և ԻԻՀ միջխորհրդարանական համագործակցությունը: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀՀ ԱԱԳԽ քարտուղարը պրն. Աբրահամյանին ներկայացրեց ՀՀ Անվտանգության խորհրդի հետ համագործակցության ծրագրերը: Ապա զրուցակիցները ձեռնամուխ եղան տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկմանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ: Այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

No comments: