Saturday, September 19, 2009

ՀՅԴ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ՈՒՐԻՇԻ ՏԵՂԸ

«Լրագիր» 18-9-2009- Դաշնակցության վրա ծիծաղում են բոլորը: Ոմանք դա անում են այն պատճառով, որ կուզենային, որ Դաշնակցությունը ծիծաղելի երեւար, որովհետեւ այս կուսակցությունը լավ ընդդիմություն դառնալու պոտենցիալ ունի: Մյուս կողմից, կուսակցության վրա ծիծաղում են նրանք, ովքեր Դաշնակցությունից սպասում էին իշխանության վարած՝ ազգային գիծը ջարդելու արտաքին քաղաքականության լուրջ հակազդեցություն: Բանն այն է, որ Դաշնակցությունը հայաստանի քաղաքական դաշտում զբաղեցնում է ազգայնական ուժի նիշան: Եւ երբ խոսք է գնում ազգային շահը պաշտպանելու մասին, մարդիկ մեխանիկորեն նայում են Դաշնակցության կողմը, համարելով, որ այս կուսակցությունը երբեք թույլ չի տա ինչ որ վատ բան կատարվի: Այլ խոսքով, Դաշնակցությունը մարդկանց հույս է տալիս, որ իրենց ազգային շահը հուսալի ձեռքերում է: Դաշնակցությունն ամբողջությամբ լցրել է այդ նիշան, այլ ուժերի թույլ չտալով մտնել այդտեղ: Նման ուժեր կան, սակայն ՀՅԴ պոտենցիալը՝ ներկայությունը խորհրդարանում, հզոր կազմակերպական կառույցը, համակիրների մեծ քանակը նրան թույլ է տալիս պահել այդ նիշան: Այն փուլում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստագնացիայի մեջ էր, Դաշնակցությունն իսկն իր տեղում էր՝ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էր անում զիջումների անթույլատրելիության կարգախոսով, աշխատում էր ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, հիշեցնում թուրքերի հանդեպ պատմական ատելության մասին, եւ դա բավական էր: Ներկայում, երբ երկու հարց՝ հայ-թուրքական եւ ղարաբաղյան, լուծման շեմին են, Դաշնակցության նախորդ քայլերը թվում են ոչ համարժեք: Եւ նույնիսկ հացադուլը չի լուծի խնդիրը: Այնպիսի զգացողություն է, թե կուսակցությունն այսօր ուրիշի տեղն է զբաղեցնում այդ նիշայում: Չէ որ հայաստանում ու ղարաբաղում կան ուժեր, ովքեր ասելիք ունեն այս հարցերի վերաբերյալ: Սակայն նրանց համար մի քիչ դժվար է «պապից առաջ ընկնել»: Ասենք, Հայ ազգային կոնգրեսը կարող էր զբաղեցնել այդ նիշան, առավել եւս, որ նա հայտարարել է այս տեսքով հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության մասին: Սակայն հայտարարելով այդ մասին, Կոնգրեսը պետք է դուրս մղի Դաշնակցությանը նրա ավանդական նիշայից: Հոգեբանորեն դա հեշտ չէ՝ քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, գործում է «մի մտիր ուրիշի բոստանը» սկզբունքը: Սակայն կոնգրեսը կարող է հրաժարվել «մարդկային» այդ սկզբունքից եւ իսկապես ուժեղ քայլ կատարեր՝ ՀՅԴ հետ միասին հայտարարեր հացադուլ: Նախ, դա կուժեղացներ բողոքի ակցիան, եւ պարզ կդառնար, որ այս երկրում միայն Դաշնակցությունը չէ մտահոգ հայ-թուրքական կարգավորման ընթացքով: Երկրորդ, դա կարող էր դառնալ երկու ուժերի համագործակցության պլատֆորմ՝ չէ որ Դաշնակցությունը չի հրաժարվի հացադուլից միայն այն պատճառով, որ նրանց միացել են Կոնգրեսից: Եւ երրորդ, դա լրջություն կհաղորդի հենց Դաշնակցությանը, որը, հնարավոր է, կգիտակցի սեփական քայլերի լրջությունը եւ կդադարեցնի բողոքի իմիտացիաները: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: