Wednesday, September 23, 2009

Հայ քաղաքագետին դատի են տվել «Ցեղասպանության ժխտման» համար

Tert.am.23-9-2009- «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ատյանի դատարան է ներկայացրել հայց` ընդդեմ «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի «Հայոց ցեղասպանության ժխտման համար»: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Արմեն Այվազյանը: Դատական գործընթացի մեկնարկի հիմք է հանդիսացել «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի՞» հոդվածը: Իր զեկույցում, որը ներկայացվել էր ավելի վաղ Ստամբուլում «Կովկասի Ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպված գիտաժողովի ընթացքում, թուրք գործիչը հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, նա իր հոդվածում չակերտների մեջ է կիրառում ցեղասպանություն բառը: «Ցեղասպանությունը արդեն սկսել է ժխտվել նաև Հայաստանում, սա բացառիկ դեպքը չէ»,- նշել է Այվազյանը: Խոսելով «Կովկասի Ինստիտուտի» հրապարակման մասին` կենտրոնի տնօրենը նշել է, որ «դա մի պարզ դասական ժխտման դեպք է»: Բացի այդ, Այվազյանը նշել է, որ տվյալ ժողովածուի թե՛ անգլերեն բնագրի, թե՛ ռուսերեն տարբերակի հրապարակման պատճառով այդ հարցը միջազգային հանրության ուշադրության է արժանացել, ինչի հետևանքով «վտանգը մեծապես աճել է»: «Վնասը բավական մեծ է, յուրաքանչյուր հայի հասցվել է վիրավորանք»,- նշել է Այվազյանը: Այսպիսով, ըստ կենտրոնի տնօրենի, կարելի է ենթադրել, որ Ինստիտուը արտաքին ուժերի միջնորդությամբ նպաստում է թուրքական հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ինստիտուտի հանդեպ առաջ քաշված մեղադրանքների թվում Այվազյանը մատնանշել է, որ պատասխանողը պետք է ժխտի այդ ժողովածուի վիճարկելի հրապարակումը տեղական մի քանի հեռուստաընկերությունների հիմնական լուրերի թողարկումներով և լրատվամիջոցների էջերին: Արմեն Այվազյանը նաև հույս է հայտնել, որ այդ հարցում դատական համակարգը «կլինի հայ ժողովրդի կողքին»: Ըստ վերջինիս` այդ գործով առաջին լսումները տեղի կունենան հոկտեմբերի առաջին կեսին: Նշենք, որ Tert.am-ը փորձել է կապ հաստատել Ալեքսանդր Իսկանդարյանի հետ, սակայն, ինչպես հայտնել են «Կովկասի Ինստիտուտում», նա քաղաքում չէ, իսկ քաղաքագետի բացակայության դեպքում ոչ մի մեկնաբանություններ չեն արվելու:

No comments: