Wednesday, September 23, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ

Թերեւս քչերն են կասկածում, որ Հայաստանի իշխանությունը ստորագրելու է հայ-թուրքական արձանագրություններն, ու Հայաստանի խորհրդարանն էլ հաստատելու է դրանք: Սերժ Սարգսյանը միանգամայն բաց տեքստով ասում է, որ գիտակցում է այդ ճանապարհի բարդությունները, սակայն միանգամայն հաստատակամ է այդ ճանապարհը մինչեւ վերջ անցնելու հարցում: Թերեւս երկու հանգամանք կա, որ նրան հետ կպահեն ստորագրությունից. առաջինը, եթե հասարակությունը հստակ դիրքորոշում ունենա եւ արտահայտվի այդ դիրքորոշումը, եւ երկրորդը` եթե միջազգային հանրության որեւէ հզոր դերակատար նրան թույլ չտա ստորագրել արձանագրությունները: Միջազգային հանրությունից կարծես թե “հույս” չկա: Այսինքն, որեւէ մեկը կարծես թե չի պատրաստվում բռնել Սերժ Սարգսյանի ձեռքը, որ նա չստորագրի Հայաստանի շահը ոտնահարող արձանագրությունները: Միջազգային հանրության “ներկայացուցիչներից” յուրաքանչյուրն ընդամենը փորձում է այդ իրողությունը հնարավորինս ծառայեցնել սեփական շահին: Ինչպես ցույց է տալիս ներքաղաքական խորհրդակցությունների այսպես կոչված վեցշաբաթյա փուլի ընթացքը, հույս չկա նաեւ, որ Սերժ Սարգսյանին ստորագրությունից հետ կպահի Հայաստանի հասարակությունը: Համենայն դեպս անցած երկու-երեք շաբաթները բացարձակապես չեն նախանշել հանրային ճնշման որեւէ հավանականություն: Եթե ավելի պարզ, ապա Սերժ Սարգսյանի համար թերեւս տեսանելի չի եղել այն հետեւանքը, որ նա կարող է զգալ հայ-թուրքական արձանագրությունները ներկայիս տեսքով ստորագրելու դեպքում: Ով է նրան ինչ ասելու երկրի ներսում, եթե նա ստորագրի այդ արձանագրությունները: Իհարկե կլինեն քննադատներ, կլինեն խիստ քննադատներ, բայց քննադատությամբ Հայաստանի իշխանությանը չես մտահոգի: Ավելին, այդ քննադատությունը ինչ որ տեղ նույնիսկ ձեռնտու է իշխանությանը, քանի որ միջազգային հանրության աչքին բարձրացնում է նրանց արածի գինը: Իսկ Հայաստանի իշխանության համար կարեւոր խնդիրը ստորագրությունը միջազգային հանրության վրա որքան հնարավոր է թանկ վաճառելն է: Այնպես որ, այն քննադատությունը, որ հնչում է մինչեւ այսօր, թերեւս նպաստում է միայն ու միայն ստորագրության գնի բարձրացմանը: Քաղաքական այն ուժերը, որոնք անկեղծորեն դեմ են ներկայիս բովանդակությամբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, եթե ցանկանում են կանխել այդ ստորագրումը կամ դրա հետագա վավերացումը խորհրդարանում, պետք է գտնեն իր այդ հնարավոր քայլի դեպքում սպասող հետեւանքը Սերժ Սարգսյանին շոշափելի ներկայացնելու ձեւը կամ ձեւաչափը: Նա հստակ գիտե, թե ինչ կոնկրետ շահ ունի ստորագրելիս, եւ հստակ գիտե նաեւ, որ որեւէ կոնկրետ խնդիր իր համար չի առաջանա երկրի ներսում: Քանի դեռ նրա հայ-թուրքական քաղաքականության բովանդակությունը քննադատող ուժերը չեն հստակեցրել գոնե ուրվագիծն այն խնդիրների, որ ստորագրելու դեպքում երկրի հասարակության հետ կարող է ունենալ Սերժ Սարգսյանը, նրան ուղղած քննադատությունը բացառապես ծառայում է հենց Սերժ Սարգսյանի շահին` կամա, թե ակամա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: