Tert.am. 16-10-2009- Բուրսայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի կրոնական հարցերի գծով նախարար, պետնախարար Ֆարուկ Չելիքը փորձել է զարգացնել հետևյալ միտքը. «Մենք ստորագրել ենք Արձանագրությունները և բացում ենք սահմանը: Սա Թուրքիայի կողմից ամենամեծ զիջումն էր Հայաստանին: Իսկ ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ Հայաստանը»: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Իր հերթին թուրքագետ, «Ազգ» թերթի վերլուծաբան Հակոբ Չակրյանը հավելել է, որ պետնախարարի նմանատիպ հայտարարություններից հետո լրագրողները նշել են, թե սահմանի բացումը դա փոխզիջում չէ: «Երբ երկու կողմերից մեկը միակողմանի փակում է սահմանը այն ժամանանակ, երբ պատերազմական իրավիճակ չէ, դա միջազգային նորմերի խախտում է: Հետևաբար, թուրքական կողմը, բացելով սահմանը, որևէ զիջում հայկական կողմին չի անում»,- նշել է Չակրյանը:
Թուրքագետը անդրադարձել է նաև մի շարք այլ հարցերի, որոնք անհանգստության պատճառ են հանդիսանում թուրք իշխանությունների մոտ: Այսպիսով, ըստ որոշ թուրք նախարարների, Թուրքիան չի կարող կորցնել Ադրբեջանը:
«Խոսվեց նրա մասին, որ թուրքական կողմը չի կարող Ադրբեջանին գցել այն իրավիճակի մեջ, որի մեջ ներկայումս Հայաստանն է: Մի հարևանի հետ հարաբերությունները բարելավելով` չեն կարող թույլ տալ, որպեսզի խնդիրներ առաջանան մյուս հարևանի հետ»,- հավելել է Չակրյանը:
Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիայի շահերին, նա նշել է, թե Հայաստանը արձագանքել է Թուրքիայի վարչապետի` Կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկին: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել նման առաջարկով Հարավային Օսիայի դեպքերից հետո:
«Եթե Հայաստանը ասեր «ոչ», այդ նախաձեռնությունն իսկույն կտապալվեր»,- եզրափակել է Հակոբ Չակրյանը:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment