Saturday, October 17, 2009

Գյուլի «ոտքը կապվե՞լ է»

A1+. 16-10-2009- Անկախ իրենց հայացքներից` թուրքական մամուլի գրեթե բոլոր ներկայացուցիչները (բացառություները չհաշված) շաղկապվածություն են տեսնում հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մեջ: Ձախակողմյան «Ռադիկալ» թերթի խմբագիր Իսմեթ Բերկանը մեկն է նրանցից, որը կարծում է,որ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ լուծվի ԼՂ հիմնահարցը: Նա համարում է, որ սրա վերաբերյալ Բաքվում իր հայտարարություններով Թուրքիայի նախագահը «իր ոտքը կապել է Ադրբեջանին»: Ի դեպ, նա չի բացառում, որ Արցախյան հիմնահարցի դեպքում Ադրբեջանը եւ Հայաստանը որոշում կայացնեն, սակայն սահմանը չբացվի: Այսինքն` երկու երկրները վավերացնեն միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը: Թուրք լրագրողը ենթադրում է, որ ինչպես Թուրքիայում, Հայաստանում էլ արձանագրությունների վավերացումը կոշտ դիմադրության է հանդիպելու. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դժվարություններ է ունենալու»: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` նա չժխտեց, որ թշնամական վերաբերմունք կա հայերի նկատմամբ, սակայն Թուրքիայի միայն որոշ շրջաններում, օրինակ, Միջին Անատոլիայում: Այստեղից ժամանակին տեղահանվել են հայերը, իսկ նրանց փոխարեն վերաբնակեցվածները հիմնականում այգայնականներ են: Պարոն Բերկանն, այնուամենայնիվ, պնդում է, որ հիմնականում հայաստանցիների նկատմամբ վերաբերմունքը դրական է: Ի տարբերություն պոլսահայերի` հայաստանցիներն, ըստ նրա, ավելի շփվող են եւ ավելի հաճախ են աշխատում թուրքերի հետ: «Ռադիկալի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ մինչ օրս վատ բան չի լսել Թուրքիայում աշխատող հայաստանցիների մասին: Նա նկատում է, որ Թուրքիայում կան մարդիկ, որոնք միայն Հրանտ Դինքի շնորհիվ իմացան, որ Հայաստանի հետ սահմանը փակ է: Լրատվամիջոցներում հայկական թեման, ըստ նրա, 50-րդ տեղում է: Իսմեթ Բերկանը հայ լրագրողների հետ հանդիպմանն այսօր մի դեպք հիշեց` կապված Արտո Թունջբոյաջյանի հետ: Երբ Armenian Navy Band-ը առաջին անգամ համերգ է տվել Ստամբուլում, կազմակերպիչներին է մոտեցել մի զինվորական ու զայրացած ասել` ինչպես է հայկական զինվորական նվագախումբը համերգ տալիս առանց Թուրքիայի բանակի գիտության: Թուրք զինվորականը թյուրիմացության մեջ էր ընկել` անգլերենից բառացիորեն թարգմանելով խմբի անունը` Հայկական նավատորմի նվագախումբ: Իսմեթ Բերկանը նաեւ հավելեց, որ Արտո Թունջբոյաջյանը իր կնոջ ազգականն է. կինը «կիսով հայ է»: Ի դեպ, հայ լրագրողներին տեղափոխող վարորդի թուրք վարորդի մեքենայում ժամանակ առ ժամանակ հնչում է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը: Վարորդ Ռեջեփը Armenian Navy Band-ի երկրպագուներից է: Կարինե Ասատրյան Ստամբուլ

No comments: