«Ազատություն» 16-10-2009- Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար անդամներից Դավիթ Շահնազարյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ վերջին շրջանում ակտիվ բողոքի ցույցեր է կազմակերպում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, շարունակում է մաս կազմել իշխանությանը:
«Դաշնակցությունն իշխանության մաս է կազմում», - հայտարարեց նա: - «Որեւէ մեկը որեւէ հիմք չունի ՀՅԴ-ին համարել ընդդիմություն։ Դաշնակցության կեցվածքը ո՞րն էր մինչեւ հիմա… Շատ կներեք` «ձյաձյա ջան, լավ էլի, մի ստորագրի այս արձանագրությունները», հիմա էլ` «ձյաձյա ջան, լավ էլի, խորհրդարանում մի հաստատի»։ Լուրջ չի, չէ՞»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչպես հասկանալ ՀՅԴ-ի կողմից հանրահավաքների անցկացումը, Շահնազարյանը պատասխանեց. - «Արթուր Բաղդասարյանն էլ էր ցույցեր անում… Դուք ախր այդ փորձը ունեք…Քանի՞ նման փորձ պիտի ունենաք»։
«Ավելի միանշանակ, քան ՀԱԿ-ը, որեւէ քաղաքական ուժ այս արձանագրությունների վերաբերյալ չի արտահայտվել», - անդրադառնալով Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական փաստաթղթերին՝ ասաց Շահնազարյանը։
«Մեր հասարակությունը, լայն շերտերը մինչեւ վերջ պիտի հասկանան, որ Ցեղասպանության հարցն այս արձանագրություններով արդեն դրված է առնվազն հարցականի տակ», - շարունակեց Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչը։ - «Կոնգրեսի քաղաքականությունը լրիվ ճիշտ քաղաքականություն է։ Հանրահավաք անցկացնելու օրվա մասին դեռ որոշում չունենք, որովհետեւ ճիշտ ենք գտնում առայժմ շարունակել այն, ինչ հիմա անում ենք, որովհետեւ պարզ ասել ենք` առայժմ մեր ուժը չի բավականացնում իշխանափոխություն իրականացնելու համար»։
Շահնազարյանը համաձայն չէ իշխանությունների այն դիրքորոշմանը, որ Հայաստանի Ազգային ժողովը հայ-թուրքական արձանագրությունները պետք է օրակարգ վերցնի Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացնելուց հետո միայն: Նրա համոզմամբ, ակնհայտ է, որ Թուրքիան պետք է ձգձգի գործընթացը, ուստի հայկական կողմը պետք է ճնշում գործադրի:
«Առաջինը Հայաստանի Ազգային ժողովը պետք է անդրադառնա այս արձանագրություններին եւ, համաձայն միջազգային իրավունքի, առաջինը վավերացնի արձանագրությունները՝ պայմանով. եթե, ասենք, երկու ամսվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանի կողմից այս արձանագրությունները չեն վավերացվում եւ կյանքի չեն կոչվում, ապա երկու ամիս հետո այս արձանագրությունները առ ոչինչ են, եւ Հայաստանի Ազգային ժողովի այս հաստատումը ուժը կորցրած է։ Սա կլինի որոշակի ճնշում Թուրքիայի խորհրդարանի վրա։ Թուրքիայի խորհրդարանը ստիպված կլինի կա'մ հրաժարվել այս վավերացումից, կա'մ առանձնացնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից»։
Ըստ Շահնազարյանի, եթե իշխանությունն իր այդ առաջարկն էլ չի ընդունում, դա նշանակում է, որ «կա այդ պայմանավորվածությունը», եւ «Հայաստան - Թուրքիա հարաբերություններն ու Ղարաբաղյան կարգավորման գործընթացը ուղղակիորեն շաղկապված են»։
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment