Thursday, October 1, 2009

Դրսևորել առավելագույն իրատեսություն

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընթացող քննարկումներին` Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Գերագույն Հոգևոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման և համագործակցության զարգացման: Գերագույն Հոգևոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները: Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսևորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես և` հայ-թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձևումների և գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն Հոգևոր Խորհուրդը բնական և հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները: Այս համատեքստում Գերագույն Հոգևոր Խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց Ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես և` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը և հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու և պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները: Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է ազգի բոլոր զավակներին դրսևորել առավելագույն իրատեսություն և շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բևեռացումներից և միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները: Գերագույն Հոգևոր Խորհուրդը Տիրոջ զորակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունն է հայցում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի բարեհաջող հանգրվանի առաջնորդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` հանուն մեր ժողովրդի նվիրական ու կենսական շահերի:

No comments: