Saturday, October 31, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ՉԵՆ ՃՆՇՈՒՄ

«Լրագիր» 30-10-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 30-ին մի բավական ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ Հայաստանին կարելի էր ճնշելով ստիպել գնալ այս կամ այն քայլին: Այդ մասին նա խոսել է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի, մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համատեքստում: Էդվարդ Նալբանդյանին թերեւս արժե հարցնել, թե իսկ այդ որ ժամանակն էր, երբ Հայաստանին ճնշելով այս կամ այն քայլին էին մղում: Բայց, անցյալի մասին խոսելը երեւի թե ավելորդ է: Եղածը եղած է: Կարեւորը, որ հիմա Հայաստանին էլ չեն ճնշում: Եվ ինչու ճնշեն: Հայաստանն ինքը հոժարակամ համաձայնում է ցանկացած գործընթացի, դրա անունը դնելով նախաձեռնողական եւ ակտիվ քաղաքականություն: Հայաստանին իսկապես որեւէ մեկը չի էլ ճնշում: Պարզապես, օրինակ Հայաստանն ինքն է վերջին պահին, վերջին օրը որոշում, որ ասենք Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը չի մասնակցելու, թեեւ մինչ այդ հայտարարել էր, որ մասնակցելու է: Ինչ ճնշում, ինչ բան: Նույնը հայ-թուրքական արձանագրությունների եւ ընդհանրապես հարաբերության կարգավորման գործընթացում: Չի եղել որեւէ ճնշում: Ճնշումը որոշակի դիմադրություն է ենթադրում, մինչդեռ Հայաստանը չի դիմադրել բացարձակապես որեւէ մեկին:

No comments: