
News.am. 26-10-2009- Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի եռյակ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հանդիպումը։ Հանդիպմանը, որը նախապատրաստություն կդառնա ԵԽ երկրների առաջնորդների՝ հոկտեմբերի 29-30 կայանալիք գագաթնաժողովին, ներկա կգտնվեն Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարները։ Հիշեցնենք,որ տարածաշրջանային երեք երկրներն էլ մտնում են Եվրախորհրդի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ, որի իրականացման համար 2009-2013թթ. կտրվածքով տրամադրվել է 600 մլն եվրո։
Բացի այդ, ինչպես հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-27-ը Լյուքսեմբուրգում կգտնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ)։
Ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության մեջ, միջնորդները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Լյուքսեմբուրգում համանախագահները պատրաստվում են ներկայացնել նոյեմբերին Երեւան եւ Բաքու կատարելիք իրենց այցի, ինչպես նաեւ 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդում ղարաբաղյան հարցի քննարկումներին նախապատրաստվելու մասին մանրամասներ։
No comments:
Post a Comment